Թուրքիան և Իրաքը շարունակում են վարժանքները Իրաքյան Քրդստանի սահմանին

Թուրքիայի և Իրաքի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են սեպտեմբերից մեկնարկած վարժանքները Իրաքյան Քրդստանի հետ սահմանին գտնվող Հաբուր անցակետի շրջանում: Նոյեմբերի 6-ին խաղարկվել են տանկերի մանևրելու գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուր-իրաքյան համատեղ զորավարժություն՝ Իրաքյան Քրդստանի վրա հարձակման սցենարով. հոկտեմբեր 2017 թ.

Թուր-իրաքյան համատեղ զորավարժություն՝ Իրաքյան Քրդստանի վրա հարձակման սցենարով. հոկտեմբեր 2017 թ.

Նոյեմբերի 5-ի վարժանքների ժամանակ զինծառայողները զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա վարելու դասընթացներ են անցել:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական աղբյուրների՝ հոկտեմբերի 31-ի վարժանքների ընթացքում թուրք-իրաքյան ուժերը, դուրս գալով Թուրքիայի «Հաբուր» անցակետից, անցել էին Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներում գտնվող «Իբրահիմ Խալիլ» անցակետ:

Թուրքիայի զինուժը Հաբուր անցակետից 3 կմ հեռավորության վրա զորավարժությունը  սկսել է դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից անմիջապես հետո, այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը:

Նշեն, որ Իրաքի կառավարական բանակը հոկտեմբերի 16-ից սկսեց լայնածավալ գործողությունները քրդերի վերահսկած տարածքներում և կարճ ժամանակահատվածում գրավեց Քիրքուքը, Սինջարը և այլ տարածքներ:

Այս պարտություններից հետո Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը որոշեց հետքայլ անել և 8 ամսով սառեցրեց անկախության հանրաքվեի արդյունքները: Սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է դրանց վերջնական չեղարկում:

Նոյեմբերի 5-ին «Փեշմերգայի» հրամանատարությունից հայտնել են, որ «Փեշմերգան» և Իրաքի բանակի հրամանատարությունը բանակցություններ են վարում սահմանային անցակետերի վերաբերյալ: Քրդական կողմը Իրաքի իշխանություններին առաջարկում է անցակետերը համատեղ ղեկավարել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *