Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարը հայտնել է, որ գերատեսչությունը նախատեսում է 2018 թվականին սահմանային ևս 12 համայնքում քաղպաշտպանության հենակետեր ստեղծել:
Նախարարը նշել է, որ նախարարության` 2017 և արդեն նաև 2018 թվականի ծրագրի գերակայություններից է սահմանամերձ համայնքներում բնակչության հատուկ կարևոր օբյեկտների պահպանությունը: Այս նպատակով էլ 10 համայնքում կազմակերպվել են քաղպատշանության հենակետեր:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ արդեն գործող հենակետերը կահավորվել են բյուջեից հատկացված միջոցների տնտեսման հաշվին, իսկ աշխատուժն ապահովվել է կենտրոնական ապարատի հաստիքների կրճատման և այդ հենակետեր տեղափոխելու միջոցով:
ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Մինչ այս հենակետեր են տեղակայլվել Տավուշի մարզում՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում: