Հոկտեմբերի 23-ից 26-ը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերի և ավիացիայի մասնակցությամբ անցկացվել է եռափուլ մարտավարամասնագիտական զորավարժություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:
Զորավարժությունն անցկացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Գալստյանի հրամանատարությամբ:
Նշվում է, որ այն առաջադրված խնդիրներով և զորքերի ներգրավման ծավալով «աննախադեպ» էր: Կազմավորվել էր ՀՕՊ և ավիացիայի ուժերի միասնական շտաբի ու ղեկավարվում էր ընդհանուր հրամանատարական կետից:
Զորավարժության նպատակներից են.
- զորամասերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման, զորքերի ծավալման, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ ՀՕՊ և ավիացիայի զորամասերի հրամանատարների ու շտաբների ունակությունների մշակում;
- մարտական խնդիրները կատարելիս զորքերի ներդաշնակման ապահովում և սպաների գործնական հմտությունների մշակում;
- գործնականում ՀՕՊ զորքերի և ավիացիայի միացյալ կառավարման համակարգի արդյունավետության ստուգում:
Առաջին փուլի մեկնարկին զորքերը բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Փուլի ավարտին միավորված հրամանատարական կետը տեղաշարժվել է`բացազատվելով պահեստային հրամանատարական կետում և տեղում ընդունել է զորքերի կառավարումը:
Զորավարժության երկրորդ փուլի խնդիրների կատարման նպատակով զորքերին, ըստ ստեղծված իրադրության, առաջադրվել են նոր մարտական խնդիրներ:
Երրորդ փուլում ՀՕՊ-ին խնդիր է առաջադրվել ապահովել յուրային ավիացիայի անվտանգությունը՝ խնդիր կատարելու ընթացքում: Հակաօդային պաշտպանության համակարգի կարողությունները ստուգելու նպատակով ավիացիային առաջադրանք էր տրվել իրականացնել թռիչք, որի ընթացքում պետք էր նմանակել հակառակորդին, կիրառել խուսավարման մեթոդներ:
ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ–վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ զորավարժությունն անցկացվել է ԶՈւ ԳՇ պետից ստացված առաջադրանքների համաձայն: