Ռուսաստանցի դիտորդները հնարավոր է վերադառնան Իդլիբ. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարել է, որ ռուսաստանյան կողմի դիտորդները հնարավոր է վերադառնան Իդլիբ նահանգ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանցի դիտորդները արդեն աշխատել են Իդլիբ նահանգում: Նրանք աշխատել են նախկինում, այնտեղ  շուրջ 10 դիտակետեր է տեղակայվել դեռևս մեկ ու կես ամիս առաջ…: Ներկայում ընթանում է վերադարձի գործընթաց», – հայտարարել է Լավրենտիևը Աստանայում բրիֆինգի ժամանակ:

Նա նշել է, որ ՌԴ ԶՈւ զինծառայողների դիտակետերը հանվել էին այնտեղից, այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները փորձել էին անցնել Սիրիայի Համա նահանգ և նույնիսկ գրավել է ՌԴ ԶՈւ դիրքերից մեկը:

Նշենք, որ հոկտեմբերի 30-31-ը Աստանայում անցկացվում է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորված «ոչ բախումային գոտու» ներսում ծառայություն են իրականացնելու Թուրքիայի զինված ուժերը, իսկ դրա սահմաններից դուրս՝ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները: Սրան հաջորդեց այն, որ թուրքական զորքերը հոկտեմբերի 12-ին ներխուժեցին Սիրիայի տարածք և ներկայում տեղակայվել են Իդլիբ-Աֆրին սահմանի գրեթե ողջ երկայնքով:

Սակայն պաշտոնական Դամասկոսը դեմ է թուրքական զորքերի տեղակայմանը Իդլիբում և պահանջում է զորքերի դուրսբերում:

Նշենք, որ Իդլիբ նահանգում ներկայում գործում են տարբեր զինյալ և ահաբեկչական խմբավորումներ, հատկապես ակտիվ է «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայում՝ «Թահրիր աշ-Շամ») ահաբեկչական խմբավորումը:

Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» ստեղծման վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերին Աստանայում բանակցությունների 6-րդ փուլի ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *