Իրանի և Իրաքյան Քրդստանի միջև եղած սահմանային սահմանափակումը հետագա մի քանի օրերի ընթացքում կվերացվի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հոկտեմբերի 30-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Այս առնչությամբ Իրանի ԶՈւ ԳՇ պետը այլ մանրամասներ չի ներկայացրել։ Սահմանային սահմանափակման վերացում ասելով՝ Բաղերին, ըստ երևույթին, նկատի է ունեցել օդային սահմանի և սահմանային անցակետերի վերաբացումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի անցկացման նախօրեին, Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել էր իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար:
Հոկտեմբերին սկսեցին նաև լուրեր շրջանառվել, որ Իրանը փակել է Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը։ Քրդական Rudaw լրատվական գործակալությունը հայտնում էր, որ փակվել են Քրդստանի հետ 3 կարևոր անցակետերը՝ Փարվիզխանը, Հաջի Օմարանը և Բաշմաղը։
Սակայն Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հերքեց այս տեղեկությունները։
«Ինչպես մինչ այս հայտնել էինք՝ Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել ենք մեր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար, և ինչքանով որ տեղյակ եմ, այս ոլորտում նոր իրադարձություն չի եղել, -հայտարարել էր Ղասեմին»։
Չնայած այս հերքմանը՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Քրդստանի ռեգիոնալ կառավարության Սուլեյմանիեի շրջանային խորհրդի առաջարկով Իրանը բացել է Բաշմաղ սահմանային անցակետը։ Այսինքն սահմանային անցակետ, այնուամենանիվ, փակվել էր։
Եթե քրդական կողմի հայտարարությունները համապատասխանում էին իրականությանը, նշանակում է Բաշմաղից բացի փակվել էին նաև ևս 2 անցակետ, և Բաղերիի հայտարարությունը կարող է վերաբերել նաև մյուս անցակետերի բացմանը։
Սեպտեմբերի 26-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Հանրաքվեի անցկացմանը Իրաքից բացի, կտրուկ դեմ էին արտահայտվում նաև Իրանը, Թուրքիան, որոնք նախքան հանրաքվեի անցկացումը զորավարժություններ սկսեցին Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմաններին։
Հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս: Բախումները ապա շարունակվել են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանային անցակետերի հատվածում:
Հոկտեմբերի 24-ին արդեն Իրաքյան Քրդստանը որոշում ընդունեց սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները և փորձել բանակցությունների գնալ պաշտոնական Բաղդադի հետ:
Այժմ Իրաքի կառավարական բանակը և քրդական «Փեշմերգա» զորաջոկատները համաձայնության են եկել Իրաքի հյուսիսային հատվածներում հրադադարը երկարաձգելու վերաբերյալ:
Կողմերը նախատեսում են հանդիպել Մոսուլում։ Հանդիպման հիմնական նպատակն է այն, որ Իրաքի բանակին թույլ տրվի անցնել Թուրքիայի և Սիրիայի սահմանային հատվածների առանց բախումների: