Աֆղանստանում բախումների հետևանքով 13 ոստիկան է սպանվել

Հոկտեմբերի 29-ին Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգում ոստիկանական ուժերի և «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանվել է 13 ոստիկան: Այս մասին հայտնում է աֆղանստանյան Pajhwok գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ զինյալները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա նահանգի Խանաբադ շրջանում: Ի պատասխան ուժայիններն էլ սկսել են կրակել զինյալների ուղղությամբ: Դեպքի վայրում եղել է 14 ոստիկան, որից մեկին է հաջողվել փախչել, մնացածը սպանվել են:

Նշենք, որ Աֆղանստանում իրադրությունը վերջին ամիսներին կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ 2018-ի գարնանը Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական գործողությունների աճ է հնարավոր: Ըստ նրա՝  Աֆղանստանի հյուսիսում գործում է մոտ 7000 զինյալ և դրա հետ կապված ՀԱՊԿ-ը համապատասխան պատրաստություններ է իրականացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *