Հոկտեմբերի 27-ին Թուրքական Nurol Makina և ուզբեկստանյան UzAuto ընկերությունները համաձայնության հուշագիր են ստորագրել զրահամեքենաների համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ: Ուզբեկստանի հետ համատեղ արտադրվելու է 1000 միավոր թուրքական Ejder Yalçın զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ հուշագրի՝ թուրքական ընկերությունը պարտավորվում է նաև 24 միավոր արդեն պատրաստի զրահամեքենաներ մատակարարել Ուզբեկստանին: Միևնույն ժամանակ, հուշագրով Ուզբեկստանը իրավունք է ստանում համատեղ արտադրվելիք զրահամեքենաները վաճառել 3-րդ պետության:
Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Ուզբեկստանի նախագահ Շաֆքաթ Միրզիյոևի Թուրքիա այցի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին արտասահմանյան առաջին պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան, որի ընթացքում Թուրքիայի և Ուզբեկստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության արձանագրություն:
Այս տարվա հունիսին հայտնի է դարձել, որ Nurol Makina ընկերությունը Edjer Yalcin զրահամեքենաների առաջին խմբաքանակն է մատակարարել Թունիսին, որն ընդհանուր առմամբ պատվիրել է 70 զրահամեքենա:
Թուրքական ընկերությունը MRAP դասի ուժեղացված հակաականային պաշտպանությամբ Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: 14 տոննա զանգվածով մեքենան տեղավորում է 11 մարդ:
2014 թվականին զանգվածային արտադրության առաջին 11 միավոր Ejder Yalcın մեքենաները ընդունվել են Թուրքիայի ոստիկանության սպառազինության շարքեր, իսկ 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 50 միավոր զրահամեքենա: