Քրդական աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին Իրաքի կառավարական բանակը և քրդական «Փեշմերգա» զորաջոկատները համաձայնության են եկել Իրաքի հյուսիսային հատվածներում հրադադարը երկարաձգելու վերաբերյալ: Հայտնում է քրդական Kurdistan24 հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը հայտնում է, որ կողմերը հանդիպելու են Մոսուլ քաղաքում Իրաքյան Քրդստանի՝ Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանների վերահսկողության հարցը, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի և Իրաքի կենտրոնական կառավարության միջև խնդիրները քննարկելու համար:
Իրաքի կառավարության խոսնակը հայտարարել է, որ հանդիպման հիմնական նպատակն է այն, որ Իրաքի բանակին թույլ տրվի անցնել Թուրքիայի և Սիրիայի սահմանային հատվածներ առանց բախումների:
Սոցցանցերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Իրաքի բանակը և քրդական ուժերը արդեն համաձայնության են հասել սահմանային անցակետերը կառավարական բանակի վերահսկողությանը թողնելու վերաբերյալ:
#Peshmerga, #Iraq army reach deal on all border crossings,army start to take the the controls of the border gates
📸 pic.twitter.com/woPJecnjPG— Mete Sohtaoğlu (@metesohtaoglu) October 29, 2017
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ հեռանալու է պաշտոնից նոյեմբերի 1-ին, իսկ նախագահական ընտրություններն էլ 8 ամսով երկարաձգվում են: Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի խորհրդարանը որոշել էր 8 ամսով սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները: Հոկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամայել է քրդերի դեմ ռազմական գործողությունները 24 ժամով դադարեցնել:
Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս: Բախումները ապա շարունակվել են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սահմանային անցակետերի հատվածում: