Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Թուրքիա է ժամանել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Իրաքի վարչապետին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա:Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Հայդար ալ-Աբադին այցի ընթացքում հանդիպելու է նաև Թուրքիայի վարչապետին: Քննարկման առարկա է լինելու Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն և այդ ուղղությամբ համատեղ գործողությունների հարցը:
Քրդական անկախության հանրաքվեին դեմ էին արտահայտվել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը: Այդ շրջանակներում երկու երկրները զորավարժություն էին սկսել Իրաքյան Քրդստանի հետ սահմանին:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին հետևեցին Իրաքի կառավարական ուժերի և քրդական զինված ուժերի միջև բախումներ: Կառավարական ուժերը և նրանց հարող զինված խմբերը փորձում են քրդական ուժերին դուրս մեղել Թուրքիայի հետ սահմանից և անմիջական կապ հաստատել Թուրքիայի հետ:
Լարված հարաբերությունների ֆոնին հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը՝ փորձելով բանակցությունների գնալ պաշտոնական Բաղդադի հետ: