Հոկտեմբերի 24-ին, Ստեփանակերտում բացվել է Պաշտպանության բանակի նոր՝ ժամանակակից սարքավորումներով համալրված տեղեկատվական կենտրոն: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Razm.info-ին հայտնեց, որ առաջիկայում փորձելու են կազմակերպել լրատվամիջոցների արդյունավետ և անվտանգ աշխատանքը նաև առաջնագծում:
«Տեղեկատվական ժամանակակից կենտրոն ունենալու անհրաժեշտությունը առաջացել է հատկապես 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո: Սակայն այն, ինչ ունենք այսօր, դեռևս բավարար չենք համարում և նախատեսում ենք ընդլայնել ստեղծված հնարավորությունները», — կենտրոնի բացմանը հայտարարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը հայտնել էր «Արցախպրեսին», որ «վերջին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ՊԲ լրատվության, քարոզչության բաժնի սպաների կողմից արդեն փորձարկվել են կենտրոնի հնարավորությունները»:
Կենտրոնի տեխնիկական վերազինման գլխավոր հովանավոր «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու են աջակցել ՊԲ տեղեկատվական կենտրոնի համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպչական հարցերում: Նա նշել է, որ ընկերությունը Հայաստանում և հատկապես Արցախում սահմանային անվտանգության համակարգերի համալրման աշխատանքներին մշտապես ցուցաբերում է իր աջակցությունը:
«Ունենք տեսանելի դրական արդյունքներ, բայց անելիքներն էլ շատ են: Ոլորտի յուրահատկությունն այն է, որ համակարգերի անընդհատ արդիականացումը շարունակական պրոցես է»
Հիշեցնենք, որ անցյալ տարվանից Խաչատրյան եղբայրների աջակցությամբ Արցախում մեկնարկել էին առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգերի տեղադրման աշխատանքներ:
«Պանարմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր հերթին նշել է, որ իրենք ևս պատրաստ են շարունակական աջակցություն ցուցաբերել կենտրոնի աշխատանքին:
«Մենք պատրաստ ենք նորաբաց կենտրոնին մասնագիտական աջակցություն ցուցաբերել՝ մասնավորապես կադրերի վերապատրաստման և նոր տեխնոլոգիաների օգտագործման առումով: Տեղեկատվությունն օգտագործելու հատուկ մեթոդներ կան, և մասնագիտական կարողությունները ևս կարևոր են»։
Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի, անելիքների, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև հատկապես ռազմական գործողությունների ընթացքում կենտրոնի աշխատանքի շուրջ Razm.info-ն զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Razm.info — Ի՞նչ խնդիրներ է լուծում կենտրոնը, ինչպե՞ս է այն գործելու ռազմական գործողությունների դեպքում։
Տիգրան Աբրահամյան — Պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնը ֆունկցիոնալ առումով մի քանի խնդիր է լուծում:
Այստեղ ռազմական գործողությունների վերաբերյալ հանրությանը ընթացիկ տեղեկատվություն փոխանցելուց բացի պայմաններ են ստեղծվել տեղում աշխատելու, տեղեկատվություն, լուսանկարներ, տեսանյութեր ստանալու, մշակելու և ուղարկելու համար: Լրացուցիչ՝ տարբեր հզորություններով և հնարավորություններով համակարգիչներ են տեղադրված և այն լրագրողները, որոնք այս կամ այն պատճառով համակարգիչներ չունեն, կարող են օգտվել կենտրոնի գույքից և տեխնիկական սպասարկումից:
Փորձել ենք ամբողջությամբ կահավորել կենտրոնը, ստեղծել առավելագույնս լավ պայմաններ լրագրողների աշխատանքը արդյունավետ դարձնելու համար:
Razm.info — Որպես շարունակություն նախորդ հարցի. կա՞ նախատեսված նաև մոբիլ տեղեկատվական խմբերի հնարավորություն, որպեսզի լրագրողը կարողանա նույն այս կենտրոնի հետ կապվել արդեն առաջնագծից։
Տիգրան Աբրահամյան — Այս և մի քանի այլ կարևոր հարցեր ներկայումս քննարկման փուլում է, առաջիկայում փորձելու ենք կարգավորել առաջնագծում լրատվամիջոցների արդյունավետ, անվտանգ աշխատանքը: Ապրիլյան մարտական գործողություններից հետո, պաշտպանության բանակն այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարել:
Razm.info — «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման հարցում։ Խոսքը կենտրոնի տեխանձնակազմի՞ մասին է, թե ընդհանրապես ՊԲ տեղեկատվական համակարգի մասին է։
Տիգրան Աբրահամյան — «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցության մեծ փաթեթ է քննարկվել: Նրանք պատրաստակամություն են հայտնել ինչպես ՊԲ լրատվական ծառայության աշխատակիցների վերապատրաստման, այնպես էլ ՊԲ տեղեկատվական կենտրոնի սպասարկման հարցում մասնագիտական խորհրդակցություն տրամադրել, ճգնաժամային իրավիճակում կենտրոնը համալրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցերը բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում է, առաջիկայում քննարկվելու է նաև կենտրոնի տարածքն ու ֆունկցիաները ընդլայնելու նպատակահարմարությունը: