Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» 4 քուրդ զինյալ: Թուրքական կողմը պնդում է, որ զինյալները նախապատրաստվել են հարձակվել Թուրքիայի ԶՈւ սահմանապահ ստորաբաժանումների վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը, այդ թվում նաև հատուկջոկատայինները, գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-17-ին Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է:
Վերջին շրջանում թուրքական օդուժի հարվածները Իրաքի հյուսիսում PKK-ի ճամբարներին բավականին ինտենսիվացել են՝ վերածվելով գրեթե ամեն օր իրականացվող օդային գործողության: