Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը սկսել է ամբողջությամբ տեղական արտադրական հնարավորությունների հիմքի վրա նոր անօդաչու թռչող սարքի նախագծման և արտադրության աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական մասնագիտացած Savunma ve Teknoloji լրատվակայքը:
Ըստ աղբյուրի՝ թուրքական նոր ԱԹՍ-ն կարողանալու է էլ ավելի շատ բեռ կրել և ավելի երկար մնալ օդում: Նոր անօդաչուն ունենալու է երկու շարժիչ: Շարժիչի հզորությունը լինելու է 170 ձիաուժ, ԱԹՍ-ն կարող է բարձրանալ մինչև 6600 մետր, տեղափոխել մինչև 750 կգ բեռ:
Նոր ԱԹՍ-ն համալրված է լինելու տեղական արտադրության էլեկտրոօպտիկական տեսախցիկներով, ռադարային համակարգով: Սարքը կարող է օգտագործվել և՛ հետախուզական և՛ հարվածային նպատակներով:
Նշենք, որ TAI ընկերությունը հայտնի է «Բայրաքթար» և «Անքա» անօդաչու թռչող սարքերով: Ներկայում Թուրքիայի ուժային կառույցներում առկա է 38 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ, ընդ որում ինչպես դրա հետախուզական, այնպես էլ՝ հարվածային տարբերակները: Զինուժում օգտագործում են նաև մի քանի միավոր «Անքա» ԱԹՍ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի «անհետաձգելի» կարիքները բավարարելու նպատակով 2015-ի ապրիլի 28-ին էր հայտարարել հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մրցույթ։ Սա այն բանից հետո, երբ տարիների բանակցությունների արդյունքում թուրքական կողմը չկարողացավ ԱՄՆ-ից ձեռք բերել General Atomics ընկերության նախագծած Predator B (Reaper) հարվածային ԱԹՍ-ներ: