Կատարը ցանկանում է Typhoon կործանիչներ գնել Մեծ Բրիտանիայից

Սեպտեմբերի 17-ին Կատարը Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչներ գնելու վերաբերյալ մտադրությունների նամակ (Letter of intent —  LOI) է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ:  Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդես՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը:

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Eurofighter Typhoon կործանիչ

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Eurofighter Typhoon կործանիչ

Ըստ աղբյուրի՝ նամանը կնքվել է Մեծ Բրիտանիայի և Կատարի պաշտպանության նախարարներ Մայքլ Ֆելլոնի և Խալիդ բին Մոհամմեդ ալ-Աթթիյահի հանդիպման ընթացքում: Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել 24 միավոր Typhoon կործանիչ: Առաջարկվող պայմանագրի ստորագրման կամ մատակարարման ժամկետների մասին մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Կատարի 36 միավոր F-15C կործանիչ գնելու մասին համաձայնագիր է կնքել նաև Միացյալ Նահանգների հետ: Կատարական կողմը կործանիչների համար կվճարի 12 միլիարդ դոլար:

Հատկանշական է, որ Կատարը սպառազինություն ձեռք բերելու համար նման նախաձեռնություններով է հանդես գալիս Կատարի շուրջ առաջացած ճգնաժամի պարագայում: Դեռևս հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և մի քանի այլ արաբական խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Նշված երկրները Կատարը փաստացիորեն շրջափակել են բոլոր հնարավոր ճանապարհներով: Կատարի ճգնաժամի մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Միևնույն ժամանակ նշենք, որ վերջին տարիներին Կատարը զգալի միջոցներ է հատկացնում նորագույն սպառազինությունների ձեռքբերմանը։ Դեռևս 2014-ի հուլիսին Վաշինգթոնում ԱՄՆ-ի և Կատարի պաշտպանության նախարարները ստորագրել են ընդհանուր արժողությամբ 11 միլիարդ ամերիկյան դոլարի պայմանագիր, որով նախատեվում է Կատարին մատակարարել հակաօդային պաշտպանության Patriot զենիթահրթիռային համաիրի 10 մարտկոց, 14 միավոր AH-64E Apache հարվածային ուղղաթիռ, Javelin հակատանկային հրթիռային համալիրի շուրջ 500 հրթիռ և մի շարք այլ սպառազինություն։

Eurofighter Typhoon կործանիչն առաջին թռիչքը կատարել է 1994-ին, շահագործման է հանձնվել 2003-ին։ Շահագործվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *