Անկարայի նահանգային ժանդարմերիան հատուկ գործողություններ է իրականացրել մայրաքաղաք Անկարայում և հարակից շրջաններում, ինչի արդյունքում ձերբակալվել է 13 մարդ, որից 4-ը սպա, 5-ը ենթասպա, 2-ը կուրսանտ, 2-ն էլ քաղաքացիական ծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքում:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունները կատարվել են «Գյուլենականների կառույցի» դեմ Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի ԶՈւ ևս 22 սպա և ենթասպա:
2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:
Մի քանի ժամում Էրդողանի կողմնակիցները ճնշում են հեղափոխության փորձը, ինչից հետո սկսվում են ձերբակալություններն ու հաշվեհարդարները: Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվում է «արտակարգ դրություն», որը շարունակվում է մինչև այժմ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 150-ից ավել գեներալ և ընդհանուր 20000-23000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ: