Քաթարն ԱՄՆ-ի հետ կնքեց 11 միլիարդ դոլարանոց ռազմական պայմանագիր

Քաթարը հերթական նշանավոր քայլն է արել զինված ուժերի մարտունակության բարձրացման և նորագույն սպառազինությամբ համալրման ճանապարհին։ 2014-ի հուլիսի 14-ին Վաշինգթոնում ԱՄՆ-ի և Քաթարի պաշտպանության նախարարները ստորագրել են ընդհանուր արժողությամբ 11 միլիարդ ամերիկյան դոլարի պայմանագիր, որի շրջանակներում արաբական երկիրը կստանա սպառազինության մի շարք նորագույն նմուշներ։ Այս մասին հայտնում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։

ԱՄՆ և Քաթարի պաշտպանության նախարարները օայմանագրի ստորագրման ժամանակ

ԱՄՆ և Քաթարի պաշտպանության նախարարները օայմանագրի ստորագրման ժամանակ

Ռազմական արտադրանքի արտահանման պայմանագիրն իր արժեքով խոշորագույնն է ԱՄՆ-ի համար 2014-ի ընթացքում։ Դրանով Քաթարին կմատակարարվի հակաօդային պաշտպանության Patriot զենիթահրթիռային համաիրի 10 մարտկոց, 14 միավոր AH-64E Apache հարվածային ուղղաթիռ, Javelin հակատանկային հրթիռային համալիրի շուրջ 500 հրթիռ և մի շարք այլ սպառազինություն։

Նշենք, որ վերջին տարիներին Քաթարը զգալի միջոցներ է հատկացնում նորագույն սպառազինությունների ձեռքբերմանը։ Դեռևս 2010-ից ընթացքի մեջ է կործանիչների գնման նպատակով հայտարարված մրցույթը, որին մասնակցում են ամերիկյան Boeing, բրիտանական BAE Systems և ֆրանսիական Dassault ընկերությունները՝ առաջարկելով համապատասխանաբար F/A-18E/F Super Hornet, Eurofighter Typhoon և Rafale կործանիչները։ Դրանք կգան փոխարինելու Քաթարի ավիապարկի ֆրանսիական արդեն հնացած Mirage-2000 և Mirage-5 կործանիչները։

Բացի այդ, 2012-ի նոյեմբերին Քաթարը հայտարարեց հակահրթիռային պաշտպանության տարրերի գնման 9.9 միլիարդ դոլար արժողությամբ մրցույթ, ու տեղեկացրեց որ դրանում նախապատվությունը կտա ամերիկյան THAAD համալիրին։ Վերջինս նախատեսված է փոքր և միջին հեռավորություններում հակառակորդի արձակած տարբեր տեսակի՝ այդ թվում բալիստիկ և թևավոր հրթիռների խոցման համար։

Սպառազինությունը թարմացնելու Քաթարի լուրջ մտադրությունների մասին են վկայում նաև 2014-ի մարտին հայտնի դարձած հնարավոր ևս երկու խոշոր գործարքները։ Դրանցից առաջինը գնահատվում է շուրջ 1.8 միլիարդ դոլար և նախատեսում է ամերիկյան Boeing ընկերությունից հեռավոր հայտնաբերման 3 միավոր B737-700IGW ինքնաթիռի գնում։ Երկրորդը՝ եվրոպական Airbus ընկերությունից A330MRTT լիցքավորող ինքնաթիռների գնման մտադրությունն է։

Անցնող տարիներին Քաթարի հայտարարած մրցույթների բնույթն ու կնքած պայմանագրերի արժեքը վկայում են, որ Արաբական թերակղզու փոքր այս պետության օրակարգում պաշտպանության հարցն ըստ դասակարգման դրված է առաջատար հորիզոնականներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *