Սիրիայում ՌԴ և ԱՄՆ միջև «հակամարտության կանխարգելման գոտիները» կարող են ընդլայնվել

Սիրիայում ԱՄՆ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սթիվեն Թաունսենդը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի և ռուսաստանյան ու սիրիական ուժերի միջև «հակամարտության կանխարգելման գոտիները» կարող են ընդլայնվել:  Այս մասին օգոստոսի 31-ին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ամերիկացի գեներալը նշել է, որ դրա հետ կապված համապատասխան քննարկումներ կտարվեն ռուսաստանյան կողմի հետ: Ըստ նրա՝ խոսքը մասնավորապես Եփրատի հովտում նշված «գոտիների» ընդլայնման մասին է:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան արդեն իսկ արդյունավետ կերպով կարողացել է խուսափել Ալ-Բաբի, Տաբկայի, Ռաքքայի հարավային շրջաններում բախումներից:

Նշենք, որ այդ «հակամարտության կանխարգելման գոտիները» սահմանող որևէ փաստաթուղթ չհաջողվեց գտնել: այդ մասին մինչ օրս հայտարարել է միայն ամերիկյան կողմը: Ըստ նշված հայտարարությունների՝ դրանք «չեզոք գոտիներ» են ամերիկյան զինուժի և ՌԴ, Սիրիայի բանակի տեղակայման վայրերի միջև, որոնք կողմերից յուրաքանչյուրը չպետք է խախտի:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ հովանավորությամբ գործող ուժերի, ամերիկյան զինուժի և Սիրիայի բանակի միջև բախումներ են եղել մասնավորապես հենց նշված Տաբկայի շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *