Ռազմաշաբաթ. Հայաստան, ապրիլ 8-15

ՊՆ առաջարկը բուհերի շրջանավարտներին։ Տարօրինակ միջադեպ շփման գծում: Սեյրան Օհանյանը ընդունեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը: Ռազմական կցորդների այց ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Զորավարժություն Արցախում: Ականազերծման դասընթացներ:

1. Զորակոչից առաջ ՀՀ ՊՆ-ն բուհերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայություն անցնելու, միաժամանակ ուսումը շարունակելու կամ 2-րդ մասնագիտություն ձեռք բերելու նոր տարբերակ: Այն է` 2 տարվա պարտադիր ժամկետային զինծառայության փոխարեն սովորել ՀՀ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում և ստանալ լեյտենանտի զինվորական կոչում, ապա պայմանագիր կնքել և արդեն որպես սպա ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում:

Ապրիլի 15-ին հետաքրքրված ուսանողները ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար հանդիպեցին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում էր:

2. Ապրիլի 10-ին,ըստ ՊՆ հաղորդագրության, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով խախտել է շփման գիծը և սադրիչ գործողությունների դիմել: Հայկական կողմը կրակել է՝ հետագա առաջխաղացումը կանգնեցնելու համար: Հնարավոր են զոքեր կամ վիրավորներ: Դեպքի մասին նոր մանրամասներ առայժմ չկան:

3. Ապրիլի 10-ին Սեյրան Օհանյանը ընդունեց 102-րդ ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռազինսկիին: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձրացրեց նաև հրաձգարանների տարածքների անվտանգության խնդիրը և պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ գործում:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում ՌԴ ռազմաբազայի տանկային կրակադաշտի տարածքում, պայթյունից զոհվել են գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանն ու 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Փաստի առիթով ՌԴ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այժմ աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար: Ռուս գնդապետները նշեցին նաև, որ 102-րդ բազայի հրամանատարությունը կաջակցի զոհված երեխաների ընտանիքներին:

4. Աշխատանքային պլանի համաձայն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013թ ապրիլի 11-ին այցելեցին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցի շրջանակներում Հայաստանում էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:
Ռազմական կցորդներն այցելեցին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Եղվարդի ռազմական գործարան:

5. Ապրիլի 8-12-ը ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվեց գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն: Ավարտական փուլին հետևում էին Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան զինվորականներ: Արցախի զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակներ

6. Ապրիլի 2-ից մեկնարկել է ականազերծման դասընթացի հերթական փուլը: Այն իրականացվեց ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից:

Առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվեցին նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները վերհիշելու և ամրապնդելու նպատակով:

Դասընթացի երկրորդ շաբաթը սակրավորների համար է: Առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են եկան որպես հրահանգիչներ և ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացրին վարժանքը:
Վերապատրաստվեցին նաև ՀՀ ոստիկանության և ԱԻՆ-ի համապատասխան մասնագետներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *