Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն անցյալ շաբաթ

Ապրիլի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ նախորդ օրը Աղդամի շրջանի Քենգերլի գյուղի ուղղությամբ շփման գծում հայկական կողմի կրակոցի պատճառով զոհվել է լեյտենանտ Շահրիյար Բահրամղուլու օղլու Մամեդովը (ծնվ. 1988 թ.), սակայն ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական կողմից կրակելու փաստը:

Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ ապրիլի 9-ին Վարանդայի (նախկին Ֆիզուլիի) ուղղության շփման գծում հայկական կողմի բացած կրակի պատճառով վիրավորվել է 19-ամյա զինծառայող Շիհսաֆիև Ֆարհատ Շիհվելի օղլուն: Զինվորը տեղափոխվել է հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է այս միջադեպին հայկական կողմի մասնակցությունը:

Ապրիլի 8-ին հայտնի է դարձել, որ դեռևս ապրիլի 2-ին Նախիջևանի N զորամասի ծառայող Նաթիմ Ազիմովն ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները: Ադրբեջանի ՊՆ մամլո փոխխոսնակը վստահեցնում է, որ զինվորը ծայրահեղ նյարդային վիճակում է եղել, ախտորոշումը՝ ռեակտիվ փսիխոզ է, այժմ էլ հոսպիտալում է, և առողջական վիճակը գնահատվում է լավ: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ պատճառը հրամանատարական կազմի կողմից պարբերաբար ծեծի ու ծաղրի ենթարկվելն է և գլխին ստացած հարվածը, իսկ վիճակն էլ ոչ թե լավ է, այլ ծանր:
Razm.info-ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին Տերտերի շրջանի զորամասերից մեկում՝ մարտական դիրքերում, սեփական տաբելային զենքից արձակված գնդակից մահացել էր Ադրբեջանի ԶՈՒ շարքային Իմանով Էլման Յաղուբ օղլուն (ծնվ. 1994 թվ.): Օրերս զոհվածի հարազատները հայտարարել են, որ նկատել են գլխի հատվածում հավանաբար սուր-ծակող առարկայով հասցված հարվածի հետքեր, ուստի համոզված են, որ իրենց զավակը ոչ թե ինքասպանություն է գործել հրազենի միջոցով, այլ նրան սպանել են, իսկ հրամանատարությունը փորձում է կոծկել ճշմարտությունը: Զինվորական դատախազությունը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ ՊՆ խոսնակը դատապարտել է մահացած զինվորի լուսանկարների տարածումը սոցցանցերում՝ կոչ անելով հարազատներին սադրանքներին չհավատալ և սպասել հետաքննության ավարտին:

Ապրիլի 10-ին ՀՀ ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը հաղորդել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանցիները դիմել են աննախադեպ արկածախնդրության. մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Հայ զինվորները կրակ են բացել, հավանաբար հակառակորդը կարող է ունենալ կորուստներ, որի պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է: Ադրբեջանը դեռևս լռում է այս մասին:

Ապրիլի 12-ին Բաքվի ՆԳՆ ՆԶ N զորամասի հանրակացարանի 3-րդ հարկից ցած է նետվել ապրիլի 3-ին Սաաթլիի շրջանից պարտադիր զինծառայության մեկնած Հուսեյնով Ֆարման Սարվան օղլուն (խնվ. 1995 թվ.): Զինվորին տեղափոխել են հոսպիտալ, սակայն ստացած ծանր վնասվածքների արդյունքում նա մահացել է: Ըստ ՆԶ մամլո խոսնակ Տարանա Մամեդովայի՝ դեպքը հետաքննվում է:

Ադրբեջանցիների պնդմամբ` ապրիլի 13-ին հայկական կողմից խոշոր տրամաչափի հրազենից կրակից ստորին վերջույթի ծանր վնասվածք է ստացել Տերտերի շրջանի Հուսենլի գյուղի բնակիչ, ենթասպա Հուսեյնով Ռամիլ Շահմար օղլուն: ՀՀ ՊՆ մամլո խոսնակը, պատասխանելով Razm.info-ի հարցմանը, մեկնաբանել է ադրբեջանցիների վերոնշյալ հայտարարությունը. «Նախ պետք է պարզել՝ իրականում ինչ է եղել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակի զոհերի մեծ մասը ոչ մարտական են, սակայն իրենք հայկական կողմի վրա են գցում ողջ պատասխանատվությունը»

Ապրիլի 14-ին ուժգին պայթյուն է եղել Տերտերի շրջանի (Մարտակերտի շրջանի հատվածն է-“Razm.info) զորամասերից մեկի կաթսայատանը: Համաձայն նախնական տեղեկության՝ պատճառը կաթսայատան օգտագործման հնացած եղանակներն են: Պայթյունի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած երկու զինվորի տեղափոխել են Աղդամի շրջանի հոսպիտալ:

Այսպիսով, եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ապա այս տարի Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 25 զոհ, 23 վիրավոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *