Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննում է իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը հայկական դիրքին մահապարտ ԱԹՍ-ով հարվածին: Հարցաքննվելու են անօդաչուի կիրառմանը ներկա եղած անձինք: Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է իսրայելական «Մաարիվ» պարբերականի կայքը:
Իսրայելի ՊՆ-ից նշել են, որ հույս ունեն քննությունն ավարտել շուրջ մեկ շաբաթվա ընթացքում [հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14-ին — խմբ.]: Հետաքննությունն իրականացնում է Իսրայելի ՊՆ ավտանգության դեպարտամենտը (Malmab), որը նաև պատասխանատու է ռազմարդյունաբերության և ՊՆ-ում անվտանգության պահպանման համար:
Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) պատգամավոր, պետական վերահսկման, էթիկայի հանձնաժողովների անդամ, պաշտպանության և արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամի պաշտոնակատար, Իսրայելի բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Էյալ Բեն Ռովենը (Eyal Ben Reuven) նշել է, որ եթե հաստատվի, որ ADS-ի ներկայացուցիչը ներգրավվել է հարվածի իրագործմանն, ապա դա բավականին լուրջ խնդիր է, և հակասում է Իսրայելի ՊՆ դիրքորոշմանը ու կարող է անիմաստ միջազգային խնդիրների հանգեցնել:
Մեկ այլ խորհրդարանական՝ Թամար Զանդբերգն (Tamar Zandberg) իր հերթին դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարին՝ նշելով, որ կատարվածն ընկերության արտոնագրի կոպիտ խախտում է, որը խոսում է Իսրայելի կողմից զենքի արտահանման հարցում արգելքների մասին օրենքի խախտման մասին: Նա նաև նշել է, որ «Իսրայելի համար բարեկամական երկիր Հայաստանի դեմ գրոհներում կիրառվելու նպատակով ԱԹՍ-ների վաճառքը … պետք է դադարեցվի»:
Համաձայն հոդվածի՝ Իսրայելի պաշտպանության նախարարությանը միջադեպի մասին հայտնել է իսրայելական մեկ այլ ընկերության՝ Wireless Avionics-ի սեփականատեր Ալոն Վալլախը (Alon Wallach): Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է վստահելի աղբյուրներից և «որպես լավ քաղաքացի դրանք հանձնել է պաշտպանության նախարարությանը՝ ուսումնասիրելու համար»: Նա ավելացրել է, որ ամենևին էլ Aeronautics Defense Systems ընկերության մրցակիցը չէ և ոչ էլ այդ ընկերության մրցակիցների անունից է հանդես գալիս:
Դատելով Wireless Avionics ընկերության կայքում հրապարակված տվյալներից՝ այն, ի թիվս այլ արտադրանքների, զբաղվում է նաև անօդաչու թռչող սարքերի ավիոնիկայի մասերի արտադրությամբ: Այս ընկերությունը համագործակցում է իսրայելական մեկ այլ՝ Israel Aerospace Industries (IAI) ընկերության հետ, որն արդեն զբաղվում է անօդաչուների արտադրությամբ և վաճառքով: Ադրբեջանին ԱԹՍ-ների հիմնական մատակարարն Aeronautics Defense Systems-ն է, իսկ IAI-ն, մինչ օրս հայտնի տվյալներով, Ադրբեջանին վաճառել է միայն Harop մահապարտ ԱԹՍ-ներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին իսրայելական նույն «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Անօդաչուների իսրայելցի օպերատորները, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, հրաժարվել են, ինչից հետո հենց պատվիրակության ղեկավարներն են անօդաչուները թռիչքի պատրաստել և ուղղել հայկական դիրքերի վրա։
Իսրայեկան ADS ընկերությունից հերքել էին իրենց ներկայացուցիչների մասնակցությունը հարվածին՝ նշելով, որ անօդաչուն կիրառել է գնորդ կողմը (Ադրբեջանը): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ պետական մեկ այլ պատկան մարմին առայժմ միջադեպին չի արձագանքել: «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջաներեն ծառայությունը օգոստոսի 14-ին նշել էր, որ կաշխատեն որևէ մեկնաբանություն ստանալ, սակայն մինչ օրս նորություն չկա:
Ադրբեջանական կողմից միջադեպին անդրադարձել է «Ազերի Դիֆենս» մասնագիտացված պարբերականի գլխավոր խմբագիր Ռաշադ Սուլեյսմանովը՝ «Մաարիվի» հրապարակումն անվանելով «ինչ-որ երրորդ կողմի գործ»: Նրա պնդմամբ Ադրբեջանում Orbiter տեսակի անօդաչուներ վաղուց են օգտագործում, և այն ԱԹՍ-ն, որի մասին նշվել էր օգոստոսի 13-ի հոդվածում, դժվար թե կառավարման խնդիրներ առաջացներ ադրբեջանցի մասնագետների մոտ:
One response to “Ե՞րբ է Իսրայելի ՊՆ-ն ավարտելու հայկական դիրքին իսրայելական անօդաչուով հարվածի քննությունը”