Իսրայելում քննում են հայկական դիրքին հարվածելիս իսրայելցիների մասնակցության մեղադրանքը

Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ հղում անելով իսրայելական մեկ այլ՝ «Մաարիվ» պարբերականի հոդվածին։

Հոդվածում նշվում է, որ անօդաչուները «թիրախից շուրջ 100 մ հեռու են հարվածել, կորուստներ չեն եղել»։ Ըստ նույն աղբյուրի իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները ԱԹՍ-ն չեն կառավարել, դա արել է գնորդը [Ադրբեջանը]։

«Aeronautics ընկերությունը երբեք կենդանի թիրախների դեմ փորձարկումներ չի իրականացնում։ Նույնը վերաբերում է նաև այս դեպքին», — նշել են իսրայելական ընկերությունից։

Իսրայելի ՊՆ-ն առայժմ հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ նշելով, որ հետաքննություն են սկսել։ 

Ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, իսկ մյուսը պատրաստվում է հեռանալ։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր՝ Orbiter 1K մահապարտ անօդաչուների վաճառքի պայմանագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանցի զինվորականները «խնդրել են» 2 միավոր նոր մահապարտ անօդաչուների հնարավորությունները փորձարկել իրական մարտական պայմաններում՝ հայկական դիրքերի դեմ, սակայն օպերատորները մերժել են։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել և հրապարակել «ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար»։

Հավելենք, որ օրեր առաջ Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը պատմել էր, որ հուլիսի 7-ին Ադրբեջանը կիրառել է «հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել»։ Ըստ գնդապետի՝ բեկորներից թեթև վիրավորվել են ՊԲ երկու զինծառայող։

Գյոզալյանի նշած օրը մոտավորապես համընկնում է իսրայելական աղբյուրի հայտնած «շուրջ մեկ ամիս առաջ» ժամամակահատվածի հետ։ Հետևաբար չենք կարող բացառել, որ խոսքը նույն միջադեպի մասին է։

Ավելացնենք, որ 2008 թվականից սկսած Իսրայելն Ադրբեջանին անօդաչու սարքեր է վաճառում, իսկ 2011 թվականից Ադրբեջանում գործում է համատեղ Azad Systems ընկերությունը, որտեղ հավաքվում են իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության ԱԹՍ-ներ։

Ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների՝ 2016 թ․-ից այնտեղ հավաքում/արտադրում են նաև Orbiter 1K մահապարտ ԱԹՍ-ն՝ Zərbə («Հարված») անվան տակ։ 2016 թվականին ցուցադրվել էր այդ անօդաչուի բեկորաֆուգասային մարտագլխիկով տեսակը։

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

2017 թ․ ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի նախագահին զեկուցել էր արդեն կումուլյատիվ մարտագլխիկով ԱԹՍ-ի՝ «Zərbə-KH»-ի ստեղծման աշխատանքների մասին: 2017 թ․ հունիսի 29-ին Ջամալովի խորհրդական Ազադ Մամեդովը հայտնել էր, որ այս ԱԹՍ-ի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռ տարվում են և «մոտակա ամիսներին կփորձարկեն այն»։

Իսրայելական պարբերականի հոդվածը մի շարք անպատասխան հարցեր է առաջ բերում․

  • Քանի որ Ադրբեջանը դեռևս 2016 թ․ ցուցադրել էր տեղում հավաքվող Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ի փորձարկումները և դրանք պատրաստվում էր տրամադրել իր զինուժին։ Եթե սարքը կարող են հավաքել Ադրբեջանում, ապա ինչու են մեկ տարի անց այն գնելու նոր պայմանագիր ստորագրում։ Պատճառը կարող է լինել այն, որ Ադրբեջանում այնուամենայնիվ չեն հասցնում բավարար քանակով (՞) մահապարտ անօդաչուներ արտադրել, կամ էլ այնուամենայնիվ ընդհանրապես արտադրական խնդիրներ ունեն։
  • Եթե Ադրբեջանում 2008 թվականից շահագործում են, իսկ 2011 թվականից հավաքում և կիրառում է նույնատիպ հետախուզական ԱԹՍ-ներ, ապա արդյոք չէին կարող այդքան ժամանակում սեփական մասնագետներ պատրաստել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *