Ռուսաստանից հերքում են Իրանի հարձակողական տեխնիկա վերանորոգելու մասին լուրերը

Օգոստոսի 13-ին  ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեվիչը հերքել է արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Իրանը տեխսպասարկման և վերանորոգումների համար հարձակողական սպառազինության բաղադրիչներ է ուղարկել Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ գերմանական Welt am Sonntag թերթը, հղում անելով «արևմտյան հետախուզական աղբյուրներին», հայտնել էր, որ Իրանը Սիրիայի միջոցով Ռուսաստան է ուղարկել ծանր հարձակողական սպառազինության բաղադրիչներ՝ այդ կերպ խախտելով ՄԱԿ-ի 2231 բանաձևը։

Իրանական ինքնաթիռը «Հմեյմիմ» ավիաբազայում. Welt am Sonntag

Իրանական ինքնաթիռը «Հմեյմիմ» ավիաբազայում. Welt am Sonntag

Ըստ թերթի՝ հունիսին իրանական ինքնաթիռները 2 անգամ վայրէջք են կատարել «Հմեյմիմ» ավիբազայում ՝ տեղափոխելով զինտեխնիկայի մասեր, որոնք այնուհետև տարվել են Տարտուս և  Ռուսաստանի «Սպարտա-3» տրանսպորտային նավով բերվել Նովոռոսիյսկ։ Թերթը, սակայն, չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը։

Կլինցևիչը հայտարարել է, որ տեխսպասարկման համար Իրանից Ռուսաստան ռազմական տեխնիկա ուղարկելու անհրաժեշտություն չկա։

Ռուսաստանը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է մատակարարել Իրանին, որը բնականաբար սպասարկման աշխատանքներում ուղեկցման կարիք ունի։ Միաժամանակ Ռուսաստանը պատրաստել է իրանցի մասնագետների, որոնք կարող են այդ աշխատանքը կատարել։

Օգոստոսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ը  անանուն ներկայացուցիչը հայտարարել է, որ նման լուրերը կարող են պայմանավորված լինել արևմտյան լրատվամիջոցներում երկու երկրների (խմբ.՝ Իրանի և Ռուսաստանի) հարաբերությունների մասին սխալ ընկալումներով։

Իսկ ռուսաստանյան Զենքի համաշխարհային առևտրի վերլուծությունների կենտրոնի (ЦАМТО) տնօրեն Իգոր Կորոտչենկոյի խոսքերով՝ Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը կատարելիս Ռուսաստանը խստորեն հետևում է ՄԱԿ-ի բանաձևերին և նման հայտարարությունների նպատակը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի գործողությունները վարկաբեկելն է։

«Սա տեղեկատվական կեղծիք է, որ կոչված է Իրանին և Ռուսաստանին  ներկայացնելու որպես ՄԱԿ-ի հայտնի բանաձևի խախտողներ։ Այս տեղեկատվական սադրանքի նպատակը Ռուսաստանը ստվերելը և սիրիական հակամարտությունը քաղաքա-դիվանաագիտական ճանապարհով լուծելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը վարկաբեկելն է»։

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր և դրանց բաղադրիչներ Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ: Նշված սպառազինության տեխսպասարկում որևէ երկրից կամ որևէ երկրի միջոցով իրականացնելու համար նույնպես անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *