1918–1920 թթ. հայկական ստորաբաժանումների սպառազինության մասին որոշակի պատկերացում կազմելու համար նախ համառոտ ներկայացնենք իրավիճակը Կովկասյան ռազմաճակատում:1917 թ. փետրվարյան հեղափոխությունը, այնուհետև` հոկտեմբերյան հեղաշրջումը, հանգեցրեցին ռուսական բանակի կազմալուծմանը, ինչի հետևանքով Կովկասյան ռազմաճակատը քայքայվեց. «Ռուսական զորքերը անկանոն լքում էին դիրքերը և հեռանում, թողնում բազմամիլիոն հարստություններ, ռազմամթերքի ու պարենի անհաշիվ պահեստներ», նշում է Ս. Վրացյանը ։ Անդրանիկն իր հուշերում նշում է, որ ռուսական բանակը Կովկասյան ռազմաճակատում թողել է մոտ 3000 հրանոթ, 1 միլիարդ փամփուշտ, 1 միլիոն ռումբ, 100 000 հրացան, 15-17 հազար ձի, անհամար կառքեր, մեքենանաներ և այլ ռազմամթերք ։
Անդրկովկասում ձևավորվեց Անդրկովկասյան սեյմը, որը և ստանձնեց Կովկասյան ռազմաճակատի վերահսկումը: 1917 թ. աշնանից սկսվեց փոքրաթիվ Հայկական կորպուսի ձևավորումը , որն էլ փոխարինեց ռուսական զորքերին: 1918 թ. Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց Հայաստանի առաջին հանրապետության Զինված ուժերի ձևավորումը, որը շարունակվեց մինչև հանրապետության խորհրդայնացումը:
Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա` ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը` զենքն ու զինամթերքը: Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից: Թեև, բացի վերոհիշյալ կադրային սպայակազմից, քիչ չէին նաև ֆիդայական շարժման մեջ կոփված խմբապետները:
Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա` յուրաքանչյուրը կազմված չորս հրաձգային գնդից և մեկ հրաձգային-հրետանային բրիգադից, առանձին հեծելազորային բրիգադ` կազմված երկու հեծելազորային գնդից, բերդապահ-հետևակային բրիգադ` կազմված հինգ հետևակային գնդից, պահեստազորային բրիգադ` բաղկացած երկու հետևակային գնդից և չորս գումարտակից, հավաքական զորաջոկատ և մի շարք այլ առանձին և մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ։
Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ: Հարկ է նշել, որ նույնիսկ կանոնավոր զորամասերը համալրված չէին ինչպես հաստիքով նախատեսված անձնակազմով, այնպես էլ` համապատասխան տեխնիկայով և զինամթերքով։ Զինամթերքի ծայրահեղ սղության մասին է վկայում այն, որ Արամ Մանուկյանը Երևանում Խալիլ փաշայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Սարդարապատի ճակատամարտում եթե թուրքերը 5-6 ժամ ավելի դիմադրեին, ապա հայկական կողմի փամփուշտները կսպառվեին։
1918 թ. մարտի 31-ի տվյալներով` հայկական կորպուսի զորամիավորումների խմբավորումները և մարտական կազմը ունեին հետևյալ պատկերը. Բեգլի Ահմեդի զորաջոկատ` թվով 11 գումարտակ, 14 լեռնային, 4 թեթև թնդանոթ, 8 հեծելազորային էսկադրոն, Կաղզվանի զորաջոկատ` 1 գումարտակ և 130 հեծելազորային, Երևանի զորաջոկատ` 14 գումարտակ, 12 լեռնային, 6 թեթև թնդանոթ և 3 հարյուրյակ, կորպուսի պահեստային ուժերի կազմում կային 11 գումարտակ, ընդամենը` 37 գումարտակ, 26 լեռնային և 10 թեթև թնդանոթներ, 170 գնդացիր, 12 հեծելազորային էսկադրոն և 3 հարյուրյակ, որոնցում կար 16715 հետևակ ու հեծյալ զինվոր և 600 սպա:
Հայաստանի առաջին հանրապետության բանակի սպառազինության մեծ մասը կազմում էր ռուսական բանակի զենք-զինամթերքը: Թեև պետք է նշել, որ օգտագործվում էին նաև ռազմական գործողությունների ժամանակ թուրքական զորքերից ռազմավար վերցված փոքր քանակությամբ զինամթերք, ինչպես նաև դաշնակիցներից ստացած զինամթերք: Դրանով էր պայմանավորված այն, որ կանոնավոր բանակի շատ ստորաբաժանումներ զինված էին տարբեր երկրների բանակների զինատեսակներով:
- 1918–1920 թթ. հայկական բանակի սպառազինության մեջ ընդգրկված էին անհատական գործածության սառը զենքի մի շարք տեսակներ` սվիններ, թրասուսերներ (ռուս. шашка), կորսրեր (ռուս. сабля), դաշույններ: Լայնորեն կիրառվում էին ռուսական բանակի սառը զենքի հետևյալ տեսակները.
- 1881 թ. նմուշի դրագունական թրասուսեր,
- 1904 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր,
- 1913 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր,
- 1913 թ. նմուշի հետևակային զորքերի սպայական կորսուր,
- 1907 թ. նմուշի «Բեբուտ» դաշույն,
- 1904 թ. նմուշի կազակական զորքերի դաշույն:
Ռուսական բանակի սպառազինության մեջ կային նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ: Այդ էր պատճառը, որ հայկական թե՛ աշխարհազորային ջոկատներում, և թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված թրասուսերներ, կոր սրեր և դաշույններ:
Անհատական գործածության զենքի մյուս տեսակներն էին ձեռքի հրազենային զենքերը` ատրճանակները, հրացանները և գնդացիրները: Կարճափող հրազենային զենքերից լայնորեն կիրառվում էին հետևյալ տեսակները.
- 1895 թ. նմուշի թմբուկավոր «Նագան» ատրճանակ,
- 1871 թ. նմուշի թմբուկավոր «Սմիտ-Վեսսոն» ատրճանակ,
- 1896 թ. և 1908 թ. նմուշների «Մաուզեր» ատրճանակ:
Վերջինս լայնորեն կիրառվում էր և խմբապետների շրջանում հայտնի էր ՙտասնոց՚ անվանմամբ:
Երկարափող հրազենային զենքերից օգտագործվում էին հիմնականում ռուսական արտադրության հետևյալ զինատեսակները.
- 1891–1910 թթ. նմուշի «Մոսին» հրացան,
- 1893 թ. նմուշի «Լեբել» հրացան (հնացած),
- 1871 թ. նմուշի «Բերդանկա» հրացան (հնացած),
- 1907 թ. նմուշի «Ռոսս» հրացան:
Վերջինս Հայաստանի առաջին հանրապետության բանակին որպես օգնություն ուղարկվել էր Մեծ Բրիտանիայից:
Արագաձիգ թեթև հրազենային զենքերից հայկական բանակում կիրառվում էին գնդացիրների մի քանի տեսակներ.
Հաստոցային գնդացիրներ |
Ձեռքի գնդացիրներ |
1905–1910 թթ. նմուշի «Մաքսիմ» | 1915 թ. նմուշի «Լյուիս» |
1914 թ. նմուշի «Կոլտ-Բրաունինգ» | 1902 թ. նմուշի «Մադսեն» |
1910 թ. նմուշի «Վիկկենս» |
” |
Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերը, ինչպես նաև ականավոր պետական գործիչների հուշերը վկայում են, որ ռուսական բանակի հեռանալուց հետո հայկական զինված ուժերի տրամադրության տակ մնացել էր մեծ քանակությամբ հրետանային տեխնիկա: 1917 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող զորքերում հաշվվում էր 298 թեթև, 243 լեռնային հրանոթ և 69 հաուբից: Ընդհանուր առմամբ հայկական զորամասերի հրետանային ստորաբաժանումները սպառազինված էին դաշտային, լեռնային, բերդային, հաուբիցային և հրասանդային հրետանու տեսակներով.
Դաշտային հրանոթ |
Լեռնային հրանոթ |
Բերդային հրանոթ |
Հաուբից |
Հրասանդ |
76 մմ 1900 թ. նմուշի |
76 մմ 1904 թ. նմուշի |
107 մմ 1881 թ. նմուշի |
122 մմ 1909–1910 թթ. նմուշի |
152 մմ 1885 թ. նմուշի |
76 մմ 1902 թ. նմուշի |
76 մմ 1909 թ. նմուշի |
152 մմ (120 փթանոց)1877 թ. նմուշի |
” |
” |
- 1902թ. նմուշի 76մմ դաշտային թնդանոթ
- 1909-1910թթ. նմուշի 76մմ հաուբից
Բացի առանձին ստորաբաժանումներում գտնվող հրետանուց (լեռնային և դաշտային 76 մմ-անոց հրանոթներ), զգալի քանակությամբ հրետանային տեխնիկա եղել է Կարսի և Ալեքսանդրապոլի բերդային հրետանային կայաններում: Ս. Աֆանեսյանը նշում է. «Կարսի բերդում կային 1700 նորակոչիկ հրետանավորներ …, որոնք ընդունակ էին սպասարկելու գործածության համար պիտանի հարյուր թնդանոթ, այն դեպքում, երբ դեռ 19-րդ դարից մնացած 700-ից ավելի թնդանոթներ անգործության էին մատնված հրետանային պարկում»: Կամ, օրինակ, Էրզրումի ամրություններում եղել են մոտ 400 բերդային և դաշտային հրանոթներ, որոնց զգալի մասը գործածության համար պիտանի չէին և միայն մեկ-երկու տասնյակն էր պիտանի գործածության համար: Դրանք սպասարկել են 40 ռուս սպաներ և 400 զինվորներ: Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ բերդապահ ստորաբաժանումներում հիմնականում կար հնացած տեխնիկա: Այդ մասին է վկայում նաև հայկական կորպուսի կառուցվածքին վերաբերող փաստաթղթերից մեկի հրասանդային դիվիզիոնի առկայության մասին տեղեկությունը: Ի դեպ, 20-րդ դարի սկզբին ռուսական բանակից արդեն դուրս էին մղվում հրասանդները` փոխարինվելով հաուբիցներով ։
Բացի վերը նշված զենքի տեսակներից, հայկական բանակն ուներ նաև երեք զրահագնացք , որոնք հիմնականում նախատեսված էին երկաթուղային ճանապարհներին մոտ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրա տեղակայված էին 76-107 մմ-անոց հրանոթներ և 4-6 գնդացիրներ (հիմնականում` «Մաքսիմ» տիպի)։
Հայկական բանակի կազմում գործում էր նաև մեկ ավիաջոկատ, որը գտնվում էր Կարսում: Այն սպառազինված էր «Սալմսոն», «Նյուպոր», «Մարան», «Ալբատրոս» տեսակի ինքնաթիռներով: Վերջիններս կործանիչներ էին, բայց հիմնականում կատարում էին հետախուզական թռիչքներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավիացիան դեռ այնքան զարգացած չէր: Ըստ գեներալ Սիլիկյանի` Կարսի ավիաջոկատը ոչ մի արժեքավոր և գործնական նշանակություն ունեցող տեղեկություններ չի հաղորդել 1918–1919 թթ. ընթացքում ։
1919 թ. կազմավորվեց Սևանի նավատորմիկը, որը սպառազինված էր շարժիչավոր առագաստանավերով և ձկնորսական թիանավակներով: Դրանցից է` «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որը զինված էր մեկ հրանոթով, երկու գնդացիրով, մեկ լուսարձակով և հիմնականում կատարում էր բեռնափոխադրումներ ։
Հայկական բանակը, գտնվելով ծայրահեղ ծանր պայմաններում, մարտական առաջադրանքներ կատարելու համար դիմում էր տարբեր միջոցների, օրինակ` 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ Համամլուի կայարանում քաղաքացիական շոգեքարշին մի քանի վագոններ կցելով և որպես զրահ օգտագործելով հողով լցված պարկերը` տեղադրվել էր մի քանի «Մաքսիմ» տիպի գնդացիրներ և օգտագործվել որպես զրահագնացք ։
Այսպիսով` ներկայացնելով 1918–1920 թթ. հայկական բանակի սպառազինության տեսակները` պարզ է դառնում, որ հայկական բանակի ստորաբաժանումները սպառազինված էին մի քանի երկրների սպառազինության կազմի մեջ մտնող զենքերով, որոնց մեջ կային նաև հնացած և անհատ զինագործների պատրաստած սառը զենքերի տեսակներ: Զենքի և զինամթերքի խիստ սղության պատճառով հայկական բանակի սպայակազմը հաճախ ստիպված էր դիմել տարբեր հնարամիտ միջոցների` հաջող մարտական գործողությունների վարման համար:
Զորիկ Ծատուրյան
_______________________
Օգտագործած գրականություն
Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993։
Ա. Միհրանեան, «Ինչպե՞ս պետք է գրավել Թրքահայաստանը /Զօր Անդրանիկի կարծիքը/», Կ.Պոլիս, 1921:
Ս. Աֆանեսյան, «Սարդարապատի հերոսամարտը (Հայաստան, մայիս 1918)», Երևան, 1991:
Կ. Հարությունյան, «Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945թթ.», Երևան, 2002:
Է. Զոհրաբյան, «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թ.», Երևան, 2000:
Մ. Կարապետյան, «Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումը (1918–1920)»: «Հայկական բանակ», 1995, հմ. 5–6:
Հ. Թուրշյան, «Սարդարապատի հերոսամարտը»: Երևան, 1965:
Ե. Իշխանեան, «Լեռնային Ղարաբաղ (1917–1920)»: Երևան, 1999:
А. Н. Кулинский, «Русское холодное оружие». Санкт-Петербург, 1994:
Э. Аствацатурян, «История оружия Кавказа». Москва-Нальчик, 1995:
А. А. Гитун, С. С. Щеголов, И. А. Пивоварова, «Оружие России», Москва, 2007:
В. Федоров, «Эволюция стрелкового оружия», ч.2, Москва 1939:
«Военная энциклопедия», т. XVII. Петроград, 1915։
«Советская Военная энциклопедия»
ՀԱԱ, ֆ. 204, ց.1, գ.42, թթ. 1–5:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 2, գ. 88 թ. 1:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 45, թ. 3:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 40, թ. 177:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 32, թ. 33:
One response to “Հայկական բանակի սպառազինությունը (1918–1920 թթ.)”