Հավատալ թե ոչ ադրբեջանցիների հրապարակած սպառազինության գնումների ցուցակին

Օրերս ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկություն է տարածել վերջին կես տարում Հայաստանի՝ Ռուսաստանից իբր ձեռք բերված սպառազինության մասին։

Փորձենք հասկանալ, թե որքանով են նշված տեղեկությունները արժանահավատ և ինչ եզրակացություններ կարել է անել։ Նախ ծանոթանանք «ԱՊԱ»-ի ցուցակի հետ։ Այն թեև պարունակում է մի շարք սխալներ, սակայն մենք ցուցակը կներկայացնենք «ԱՊԱ»-ի տված անվանումներով, իսկ սխալները կնանակենք աստղանիշներով և համապատասխան մեկնաբանությունները կանենք։

Զրահատեխնիկա

  • հետևակի մարտական մեքենա ԲՄՊ-3
  • հետևակի մարտական մեքենա ԲՄՊ-2
  • հրամանա-շտաբային մեքենա Ռ-149 ԲՏՌ-80-ի հիմքի վրա
  • զրահափոխադրիչներ ԲՏՌ-70/80

Հրետանի

  • 152մմ հաուբից 2Ա65 «Մստա-Բ»
  • 152մմ թնդանոթ 2Ա36 «Գիացինտ-Բ»
  • ինքնագնաց հրետանային համակարգ 2Ս3Մ «Ակացիա»
  • 300մմ, 240մմ և 122մմ ռեակտիվ արկեր*
  • 152մմ արկեր հրետանային համակարգերի համար
  • 125մմ արկեր տանկերի համար
  • 122մմ արկեր Դ-30 հրետանային համակարգերի համար
  • 100մմ արկեր ՄՏ-12 թնդանոթների համար
  • պահեստամասեր հրետանու համար
  • պահեստամասեր 2Ս3Մ «Ակացիա» հրետանային համակարգերի համար

ՀՕՊ համակարգ և ավիացիա

  • Ս-300 ԶՀՀ համար կառավարվող հրթիռներ` 5Բ55Կ, 5Բ55Ռ և 5Բ55Ու*
  • «Կուբ» ԶՀՀ մեկ դիվիզիոն
  • 80մմ չկառավարվող ավիացիոն հրթիռներ Ս-8
  • կառավարվող ավիացիոն հրթիռներ Խ-25ՄԼ
  • 57մմ չկառավարվող ավիացիոն հրթիռներ Ս-5` ՈՒԲ-20-57 բլոկով
  • կառավարվող հրթիռներ Ռ-60Մ

Այլ

  • մեծ քանակով պահեստամասեր ռազմական տեխնիկայի հանգույցների համար
  • մեծ քանակով հրազեն, զինամթերք և ինժեներական գույք

Չենք անդրադառնա ադրբեջանական կայքում տեղ գտած անհղում և ակնհայտ քարոզչական հայտարարություններին, թե իբր միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել փոխել գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ ահա Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարելով` պահպանում է այն։ «Ստատուս քվո» և «ուժերի բալանս» հասկացությունների խառնելը թողնենք ադրբեջանցի լրագրողների խղճին։ Փաստենք միայն, որ այս լուրում չկա որևէ հղում տեղեկությունների աղբյուրի վրա։ Անհասկանալի է, թե սա ինչ ցուցակ է և ինչպես է այն հայտնվել «ԱՊԱ»-յի լրագրողների ձեռքում։ Հղումների վացակայությունը կարևոր հանգամանք է և այդ փաստը առանց այն էլ անվստահելի ադրբեջանական կայքի տեղեկության նկատմամբ վստահությունը չի ավելացնում։

Անմիջապես աչքի է ընկնում ևս մեկ հանգամանք. սպառազինության քանակական տվյալների բացակայությունը։ Ադրբեջանցիները բավարարվել են «ահռելի քանակով» և «մեծ քանակով» արտահայտություններով։ Նման անորոշությունը ևս հիմք չի տալիս վստահելու ադրեջանական լրատվակայքին։

Ուշագրավ է, որ ենթադրյալ գործարքներն ադրբեջանցիները նկարագրում են որպես «Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել …» (այլ ոչ. «Հայաստանը գնել է Ռուսաստանից …»)։ Սա ակնհայտ քարոզչություն է, քանի որ հազիվ թե ենթադրյալ գործարքի ֆինանսկան կողմի մասին ադրբեջանցի լրագրողը տեղյակ լինի։ Պարզապես այս տարբերակը համահունչ է պաշտոնական քարոզչության «սոված, ծարավ, աղքատ Հայաստան» թեզին։

Այժմ խոսենք աստղանիշներով նշած սխալների մասին։ Առաջին սխալը 240մմ-նոց ռեակտիվ հրթիռների հիշատակումն է։ Խնդիրն այն է, որ այդ տրամաչափի խորհրդային/ռուսական ռեակտիվ հրթիռներ գոյություն չունեն։ Ադրբեջանական աղբյուրի նշած թվին առավել մոտ է համազարկային կրակի «Ուռագան» համակարգի հրթիռի տրամաչափը՝ 220մմ։ Սա, իհարկե, շատ ավելի նման է հասարակ վրիպակի։

Երկրորդ սխալը Ս-300 ԶՀՀ համար նախատեսված 5Բ55Կ, 5Բ55Ռ և 5Բ55ՈՒ հրթիռներն են։ Խնդիրն այն է, որ այդպիսի հրթիռներ գոյություն չունեն։ Փոխարենը կան, համապատասխանաբար, 5Վ55Կ, 5Վ55Ռ և 5Վ55ՈՒ հրթիռներ։ Սակայն այս սխալն էլ, կարծես թե, ունի պարզ բացատրություն։ Հրթիռների ռուսերեն 5В55К, 5В55Р և 5В55У անվանումներում լրագրողը հավանաբար շփոթել է կիրիլյան «В»-ն լատինական «B»-ի հետ և համարել, որ գործ ունի լատիներեն «B» տառի հետ (բայց կիրիլյան «Р»-ն լատիներենի «P»-ի հետ չի շփոթել)։

Այսպիսով, ադրբեջանցիների տարածած լուրի հավաստիությունը խիստ կասկածելի է։ Եթե ենթադրենք, որ այն ամբողջությամբ կամ մասամբ կեղծիք է, ապա բնականորեն առաջ է գալիս նպատակների մասին հարցը։ Ցավոք սրտի` տեղեկությունները չափազանց սուղ են որևէ քիչ թե շատ համոզիչ և հիմնավոր ենթադրության համար, սակայն որպես նախնական վարկածներ կարելի է դիտարկել օրինակ.

ա. Գաբալայի շուրջ ռուսների հետ կոնֆլիկտից հետո սեփական բնակչության մոտ հակառուսական տրամադրություններն էլ ավելի սրելու ցանկությունը։
բ. Բազմիցս անուղղակիորեն խոստացած «Ղարաբաղի ազատագրման» պատերազմը հերթական անգամ «հետաձգելու» պատճառների մասին հերթապահ բացատրություն սեփական ժողովրդին։
գ. Հայկական կողմի արձագանքը ստուգելու փորձ։

Սակայն, բացառված չէ, որ այս լուրը գոնե մասամբ համապատասխանում է իրականությանը։ Վերևում մենք նշեցինք այն հանգամանքները, որոնք այս ենթադրության օգտին չէին խոսում։ Այժմ նշենք այն հանգամանքները, որոնք հօգուտ այս ենթադրության են։

Առաջին` հայկական կողմն իսկապես պարբերաբար ձեռք է բերում մեծ քանակով սպառազինություն, սակայն սովորաբար խուսափում է այդ մասին տեղեկություններ հրապարակելուց։ Այնուամենայնիվ կողմնակի աղբյուներում ժամանակ առ ժամանակ հայտնված տեղեկությունները որոշակի պատկերացում տալիս են մեր երկրի ռազմական գնումների ինտենսիվության մասին և նմանատիպ տեղեկություններին Razm.info-ն պարբերաբար անդրադարձել է։

Միաժամանակ` Ռուսաստանը Հայաստանին սպառազինության թեև ոչ միակ, բայց հիմնական մատակարարն է։

Եվ ամենահետաքրքիր հանգամանքը. վերոհիշյալ ցուցակը բավական տրամաբանական տեսք ունի։

  1. Զինամթերք հայկական բանակի զինանոցում գտնվող հրետանու համար։
  2. 220մմ (եթե 240մմ-ը վրիպակ համարենք) ռեակտիվ հրթիռներ Հայաստանի ձեռք բերած «Ուռագան» համակարգերի համար։
  3. 300մ ռեակտիվ հրթիռները պատկանում են «Սմեռչ» համակարգին, որի գնման մասին ոչ պաշտոնական և չհաստատված տեղեկություններ կան արդեն մի քանի տարի։
  4. «Մստա-Բ» հզոր և հեռահար հաուբիցի պակասը հայկական բանակում, կարելի է ասել, որ զգացվում էր։ Եվ այդ համակարգի ձեռք բերումը մեր բանակի համար միանգամայն տրամաբանական է։ Ընդ որում` դատելով մի քանի տարի առաջ սոցցանցերից մեկում հայտնված Ռուսաստանում սովորող հայ կուրսանտների լուսանկարներից` «Մստա-Բ»-ի ձեռք բերումն իսկապես նախատեսվում էր և անակնկալ չէ։
  5. Ս-300 ԶՀՀ հրթիռներ, ընդ որում` նախատեսված հենց հայկական բանակի Ս-300ՊՏ-1 և Ս-300ՊՍ մոդելների համար։ Այս շարքում ամենաուշագրավը 5Վ55Ու հրթիռներն են։ Դրանք Ս-300ՊՏ-1/ՊՍ համակարգերի համար նախատեսված ամենանոր և արդիական հրթիռներն են, որոնք Ռուսաստանում սպառազինության են ընդունվել 1992 թվականին։ Հրթիռների հեռահարությունը հասցված է 150կմ-ի (5Վ55Ռ-ի 75կմ-ի դիմաց)։ Եվ եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա կարող ենք ասել, որ այդ հրթիռները հայկական ՀՕՊ «երկար ձեռքն են»։

Ցուցակում հարցեր է առաջացնում միայն ԲՄՊ-3-ի առկայությունը։ Այդ մեքենան համարվում է անհաջող, ոչ միարժեք կոնցեպտով և դրա օգտակարության հարցը հայկական բանակում միանշանակ չէ։ Սակայն դա առանձին վերլուծության թեմա է։

Այսպիսով, թեև լուրը և լրատվամիջոցը արժանահավատ չեն, սակայն ներկայացված ցուցակն ինքնին տրամաբանական է թվում։ Մնում է սպասել առաջիկայում լրացուցիչ տեղեկությունների հայտնվելուն, որոնք գուցե հնարավորություն կտան ավելի հիմնավոր և վստահ եզրակացություններ անել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *