ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Ադրբեջանին՝ սադրանքների դեպքում կդիմի կոշտ գործողությունների

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

«․․․պնդումները դրանք [խաղաղ բնակավայրերը] գնդակոծելու վերաբերյալ պարզունակ ապատեղեկատվություն են, կամ՝ ադրբեջանական կողմի ապագա սադրանքների համար տեղեկատվական նախապատրաստության փորձ», — մասնավորապես նշված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չեն իրականացրել և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել։ Ավելին. ի տարբերություն Ադրբեջանի նման մշտական գործելաոճի` Հայաստանի զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Այսօր՝ ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որում պնդում են, թե իբր հայկական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ կիրառում է ծանր սպառազինություն:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր ադրբեջանական կողմի հայտարարությունը և նշել, որ վերջին օրերին սահմանի երկայնքով իրավիճակը հանգիստ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *