ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրթիռային բրիգադի ստորաբաժանումների շուրջ 500 զինծառայող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ վարժանքներ են անում Հյուսիսային Օսիայում:
Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆաևը:
Զորավարժությանը ներգրավված է շուրջ 40 միավոր զինտեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ նաև «Իսկանդեր-Մ» համալիրներ:
Վարժանքներն անցկացվում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումների շրջանակներում, ստորաբաժանումները ոտքի են հանվել տագնապով:
Ուշադրություն է դարձվում ստորաբաժանումների ներդաշնակվածության և երթի, մարտական մեքենաների քողարկման և վարակված տեղանքների հաղթահարման ժամանակ անձնակազմի հմտությունների մշակմանը:
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:
Հավելենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինությունում կա «Իսկանդեր» հրթիռային համալիր: Սակայն Հայաստանի սպառազինության մեջ առկա է մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակը: