Արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Վրաստանում: Կողմեր, ի թիվս այլ խնդիրների, քնննարկել են երկու երկրների տարածում բնական և մարդածին աղետներին համատեղ արձագանքման խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում էին փոխնախարար Էնրիկո Ապրիամովը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Տոնոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական և մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը:
Գեորգի Մգեբրիշվիլին նախարար Տոնոյանին ներկայացրել է Վրաստանի ՆԳՆ-ի գործունեությունը քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության արդիականացման և չափորոշիչների մշակման 5-ամյա ծրագիրը:
ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ նաև այցելել է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն և համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին և տեխնիկական հագեցվածությանը: