ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Հուլիսի 17-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում անցկացված ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է, որ ի հակառակ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերի՝ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախյան հակամարտության կարգավորմանը, չի կատարում ձեռքբերված պայմանավորվածությունները:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Նախարար Նալբանդյանը նշել է, որ, չնայած Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Ադրբեջաննն ամեն բան անում է դրանք ձախողելու համար, խոչընդոտում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացմանը, դիմում է ռազմական սադրանքների, սրում իրավիճակը:

Նախարարը նաև ներկայացրել է Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, տեղեկություն տրամադրել Սիրիա ուղարկվող հումանիտար օգնության վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև ներկայացրել է Հայաստանում սիրիացի փախստականներին ցուցաբերելու աջակցությւան ծրագրերը:

Նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։ Այնուհետև նախարարները քննարկել են անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները:

Բացի վերը նշված խնդիրներից, կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցությանը վերաբերող խնդիրներ:

ԱԳ ղեկավարները նաև անդրադարձել են ՀԱԿՊ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Նախարարները նաև քննարկել են Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակը, մերձավորարևելյան զարգացումները, Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

Նիստի ավարտին ՀԱԿՊ երկրների արտգործնախարարները ընդունել են տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին համատեղ հայտարարություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *