Հուլիսի 17-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարան) վավերացրել է երկրում «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:
«Արտակարգ դրությունը» արդեն 4-րդ անգամ երկարաձգվելու է հուլիսի 19-ից սկսած: Այսինքն Թուրքիայում 1 տարի շարունակվող «արտակարգ դրությունը» կշարունակի գործել առնվազն մինչև 2017-ի հոկտեմբերի վերջ:
Թուրքիայում «արտակարգ դրությունը» հայտարարվել է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ 2016-ի հուլիսի 20-ին: Հուլիսի 20-ից հետո «արտակարգ դրությունը» Թուրքիայում երկարաձգվել է 3 անգամ՝ 2016-ի հոկտեմբերին, 2017-ի հունվարին և ապրիլին:
Արտակարգ իրավիճակի պայմաններում կառավարությունը նախագահի գլխավորությամբ ընդունում է հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն։ Հրամանագրերը ներկայացվում են խորհրդարանի հաստատմանը։ Այնուհետև անմիջապես հրապարակվում են Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete) և ուժի մեջ մտնում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո սկսվել են հետապնդումներն ու ճնշումները զինված ուժերի, ինչպես նաև այլ կարևոր կառույցների, մամուլի ներկայացուցիչների և այլոց նկատմամբ:
Միևնույն ժամանակ ռազմական հեղաշրջումը հարմար առիթ դարձավ Թուրքիայի իշխանությունների համար զինված ուժերը «անցանկալի տարրերից մաքրելու» և իսլամամետ տարրերով համալրելու համար: Հեղաշրջման փորձից հետո կարևոր փոփոխություններ իրականացվեցին զինված ուժերում.
- Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները ամբողջությամբ դրվեցին Թուրքիայի ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո,
- Թուրքիայի ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը դրվեցին Թուրքիայի ՊՆ վերահսկողության ներքո,
- Փակվեցին ռազմական լիցեյները, ՊՆ ենթակայության տակ ստեծվեց Թուրքիայի պաշտպանության համալսարան, որի ռեկտորին առաջարկում է պաշտպանության նախարարը, նշանակում է երկրի նախագահը,
- Ստամբուլից և Անկարայից դուրս բերվեցին տեղափոխվեցին այլ նահանգներ Թուրքիայի ԶՈւ հիմնականում տանկային, հրետանային ստորաբաժանումները,
- Զինվորական հոսպիտալները և Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան դրվելցին առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: