Թուրքիան հնարավոր է նոր գործողություններ սկսի քրդերի դեմ Սիրիայում. թուրքական ԶԼՄ-ներ

Հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի զինված ուժերը հնարավոր է՝ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի մոտ, քրդական կառույցների դեմ նոր գործողություններ սկսեն:Այս մասին հայտնում է թուրքական Karar թերթը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Ըստ թուրքական աղբյուրի՝ նոր գործողության համար Թուրքիայի զինված ուժերին և նրանց աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման անհրաժեշտ հրամանները արդեն տրվել են:

Թուրքական թերթը հայտնում է, որ Սիրիայում նոր գործողության համար Թուրքիայի զինուժը թուրք-սիրիական սահմանին է կենտրոնացրել հատուկ նշանակության ուժերի 7000 զինծառայող: Այս գործողությանը տրվելու է «Եփրատի թուր» անվանումը: Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիան տանկեր և հրետանային համակարգերի մի քանի նոր խումբ է ուղարկել թուրք-սիրիական սահման:

Գործողությունը մեկնարկելու է Սիրիայի հյուսիսային, քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի շրջանից, հետագայում, ըստ թուրքական աղբյուրի՝ նախատեսվում է ընդգրկել նաև Թել Աբյադի շրջանը: Մյուս կողմից, ըստ թուրքական մամուլի՝ Ռուսաստանը սկսելու է դուրս բերել իր զորքերը Աֆրինի շրջանից:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասը ներկայում վերահսկում են Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումներ: Սրան բացասաբար է վերաբերում Թուրքիան, որը այս քրդական կառույցները համարում է «ահաբեկչական կազմակերպություններ»:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա քրդական պետության ստեղծում թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Թուրքական կողմը չսահմանափակվեց միայն հայտարարություններով: 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիսում սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, որի հիմնական նպատականերից մեկը Սիրիայում հյուսիսում քրդական մի քանի ինքնավար շրջանների միավորման կանխումն էր:

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: (արխիվ)

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: (արխիվ)

«Եփրատի բահան» գործողության ավարտից հետո թուրքական կողմը սկսեց հայտարարել, որ իրենց հաջորդ գործողությունը հնարավոր է լինի Մանբիջի դեմ:

Սակայն նշենք, որ չնայած թուրքական թերթի հայտարարություններին, դեռևս ոչ մի պաշտոնական հաստատում չկա այս գործողությունների մասին: Բացի այդ, նշենք, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ գործողություններ սկսելուց առաջ պետք է հաշվի նստի նաև Միացյալ Նահանգների և նաև Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց նա համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հիմնական դաշնակիցը, հետևաբար քրդերի դեմ գործողությունների մեկնարկը չի կարող դրական արձագանք ստանալ Միացյալ Նահանգներից: Թուրք-ամերիկյան հարաբերություններում էլ ավելի լարվածություն չառաջացնելու համար Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսելու համար պետք է ստանա ԱՄՆ հավանությունը:

Հատկանշական է, որ դեռևս ապրիլին 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 25-ին Իրաքի Սինջարում և Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի օդուժի հասցրած ավիահարվածներին, սպառնացել է նոր գործողություններ սկսել քրդերի դեմ:

 «Երբ օրն ու ժամը գա մենք գիտենք թե ինչ ենք անելու։ Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,–ասել է Էրդողանը:

Հատկանաշական է, որ Էրդողանը օգտագործած «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» (Bir gece ansızın gelebiliriz) արտահայտությունը Թուրքիայի ազգայնականների, մասնավորապես «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության կարգախոսներից է:

Այս փաստը խոսում է Թուրքիայի իշխանական վերնախավի, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականության գաղափարական առանձնահատկությունների մասին: Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի նախագահի հռետորաբանությունը թե՛ երկրի ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համատեքստում աստիճանաբար էլ  ավելի է կոշտացել՝ դառնալով էլ ավելի ազգայնական և իսլամիստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *