Ռուսները կանաչ լույս են վառել Սիրիայի Աֆրինը գրոհելու համար. թուրքական աղբյուրներ

Հունիսի 29-30-ին թուրքական մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Ռուսաստանը իր զորքերը դուրս է բերել Սիրիայի հյուսիսարևելյան Աֆրին նահանգից, որը վերահսկում են Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Նույն աղբյուրները պնդում են, որ դա «կանաչ լույս է վառել Թուրքիայի առաջ», և Թուրքիան մոտ ժամանակներս գործողություններ կսկսի Սիրիայի այդ հատվածում:

Թուրքական T24 հեռուստաալիքի կայքը հունիսի 29-ին հայտնել է, որ թուրքական կողմը վերջին 12 օրվա ընթացքում 9 անգամ հեռախոսով բանակցել է ռուսաստանյան կողմի հետ, որպեսզի ռուսական կողմը զորքերը դուրս բերի Աֆրինից: Նշվում էր, որ Ռուսաստանը համաձայնել է և «առաջիկա 6 օրում դուրս բերի զորքերը»:

Արդեն հունիսի 30-ին թուրքական մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ «Գազեթե Վաթան» լրատվակայքը, հայտնել են, որ «ռուսներն արդեն դուրս են եկել Աֆրինից»:

Սիրիայի քրդերի Rojava News լրատվակայքն իր հերթին նույն օրը տեսանյութ է հրապարակել է Աֆրինում Ռուսաստանի զինուժի բազայից: Քրդական աղբյուրը պնդում է, որ ռուսաստանյան ստորաբաժանումները դեռ Աֆրինում են, և թուրքական կողմի տարածած տեղեկությունները ճիշտ չեն:

Սակայն քրդական կողմի տարածած հաղորդագրությունը ևս չենք կարող հիմք ընդունել, քանի որ երևում է միայն շենքը՝ Ռուսաստանի դրոշներով, սակայն որևէ զինծառայող չի երևում: Ըստ այդմ՝ ներկայում բավականին բարդ է ասել՝ արդյոք Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության եկել են, թե ոչ:

Ռուսաստանյան կողմը դեռևս այս հաղորդագրություններին պաշտոնապես չի արձագանքել: Թուրքիայի պաշտոնական աղբյուրները ևս որևէ հստակ տվյալ չեն ներկայացնում, սակայն թուրքական իշխանամետ մամուլում արդեն ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ:

Նշվում է, որ Թուրքիան նոր՝ «Եփրատի թուր» գործողության համար, ըստ շրջանառվող տեղեկությունների, Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է 7000 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *