Իրանի ՆԳՆ սահմանային հարցերով տնօրեն Մաջիդ Աղաբաբային հերքել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունը այն մասին, որ հունիսի 17-ին արաբ սահմանապահները Պարսից ծոցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 3 զինծառայողի են ձերբակալել։ Այս մասին հունիսի 19-ին հայտնում է իրանական «Young Journalists Club» լրատվակայքը։
Հունիսի 17-ին իրանցի պաշտոնյան նաև հայտարարել էր, որ Պարսից ծոցում սաուդյան սահմանապահները սպանել են իրանցի ձկնորսի։ Ըստ նրա՝ իրանական 2 ձկնորսական նավ ալիքների պատճառով շեղվել է իր ուղուց (սակայն հստակ հայտնի չէ՝ խախտել են Սաուդյան Արաբիայի սահմանը, թե ոչ), սաուդյան սահմանապահները կրակ են բացել իրանցի ձկնորսների ուղղությամբ, ինչի հետևանքով ձկնորսներից մեկը սպանվել է։ Հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանցիների այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ուրբաթ օրը 3 իրանական նավ է փորձել մոտենալ Սաուդյան Արաբիայի «Մարջան» նավթահանքին և «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։
Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել նավերի ուղղությամբ, ինչից հետո նավերից երկուսը հեռացել են, իսկ մյուս նավի անձնակազմը (3 հոգի) ՝ ձերբակալվել։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը իրականության հետ կապ չունի. խոսքը ձկնորսների միջադեպի մասին, և Սաուդյան Արաբիայի սահմանին են մոտեցել ձկնորսական նավեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հարավում վնասազերծվել էր Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչականն խումբ։