Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հարավարևելյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Ղասրեղանդ շրջանում ամբողջովին ոչնչնացրել են մի քանի օր առաջ հայտանաբերած ահաբեկչական խմբի բոլոր անդամներին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը։ Հունիսի 18-ին փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Հունիսի 15-ին Ղասրեղանդում ԻՀՊԿ զինծառայողները ահաբեկչական խումբ էին հայտնաբերել, որի անդամների մի մասը սպանվել էր, իսկ մի մասը՝ դիմել փախուստի։ Այժմ ԻՀՊԿ զինծառայողները հայտնաբերել են փախուստի դիմած 5 անդամներին և վնասազերծել նրանց։
Գործողության ընթացքում ԻՀՊԿ զինծառայողներ չեն տուժել։ Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ ահաբեկչական խումբը գործել է Սաուդյան Արաբիայի լրտեսական կազմակերպության հովանու ներքո։
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։
Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը բավականին խստացրել է երկրի հսկողությունը։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։