ԱՄՆ-ն հերքում է Պարսից ծոցում ԱԹՍ կորցնելու մասին տեղեկությունը

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ Նավատորմը և Օբամայի վարչակազմը ժխտել են Իրանի հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմը ԱՄՆ-ին պատկանող «Scan Eagle» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է վայր իջեցրել, հաղորդում է «Նյու Յորք Թայմս» լրատվական գործակալությունը:

Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Նավատորմի խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ նավատորմը լիովին հաշվառել է Միջին Արևելքում գործող բողոր ԱԹՍ-երը: Պարսից ծոցի մեր բոլոր գործությունները սահմանափակված են միջազգայնորեն ճանաչած ջրային և օդային տարածքներում: Վերջին շրջանում ոչ մի կորած «ScanEagle» չենք արձանագրել:»

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ իրանական կողմի պնդումները փաստող որևէ տեղեկություն չկա:

Մինչ այդ Իրանի հանրային «PressTV» հեռուստատեսությունը հեռարձակել է, թե ինչպես է ԻՀՊԿ-ի նավատորմի հրամանատար դերծովակալ Ալի Ֆադավին հետազննում «ձերբակալված» «ScanEagle» ԱԹՍ-ն:

«Նյու Յորք Թայմսը» չի բացառում, որ ԱԹՍ-ը կարող է պատկանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը, կամ Ազգային անվտանգության գործակալությանը: Թերթը նաև նշում է, որ «ScanEagle» ԱԹՍ-եր ունեն նաև Պարսից ծոցի մի քանի թագավորություններ:

Հիշեցնենք, որ երեկ Իրանը հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ի նավատորմը Պարսից Ծոցում ԱՄՆ ԱԹՍ է բռնել: Իսկ անցած տարվա դեկտեբերի 4-ին Իրան հայտարարել էր, որ մեկ այլ ԱՄՆ «RQ-170 Sentinel» ԱԹՍ է բռնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *