ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի 2013թ. բյուջեն

ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի 2013թ. բյուջեն, որը կազմելու է 631 միլիարդ դոլար, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը: Այժմ այն պետք է հավասարեցվի ստորին պալատի բյուջեի հետ, որը հաստատվել էր մայիսին, ապա ստորագրվի նախագահ Օբամայի կողմից:

Չնայած տարբերություններին՝ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Կարլ Լեվինը և հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոն ՄքՔեյնը մամուլի ասուլիսում վստահություն են հայտնել, որ համաձայնության կգան:

ԱՄՆ նախագահի կառավարման և բյուջետային գրասենյակից հայտնել են, որ բյուջեի ներկա տարբերակը նախագահին ներկայացնելու դեպքում, նրա ավագ խորհրդականները խորհուրդ են տալու օգտագործել վետոյի իրավունքը: Խիստ քննադատության առարկա են դարձել փասթաթղթերում ընդգրկված սահմանափակումները, ըստ որոնց բյուջեի գումարները չեն կարող ծախսվել Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալներին օտար երկրներ տեղափոխելու համար և առաջարկվող քաղաքացիական և պայմանագրային աշխատողների կրճատումները:

Օբամայի նախընտրած բյուջեի տարբերակը կազմել է 614 մլրդ դոլար, որից 89 մլրդ տրամադրվելու է Աֆղանստանի պատերազմին:

Ջոն ՄքՔեյնը հայտարարել է, որ 2013թ. բյուջեով նախատեսվում է 1.7%-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, ինչպես նաև ավելացնել սեռական բռնությունների դեմ պայքարող ծրագրերին տրամադրվող գումարի չափը:

Բյուջեում նախատեսվում է ԱՄՆ դեսպանատների պաշտպանության համար լրացուցիչ զինծառայողների տեղակայման ֆինանսավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *