Դեկտեմբերի 4-ին Իրանի բանակի ցամաքային զորքերը Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգում մեկնարկել են երկօրյա «Աշուրա» ռազմական զորավարժությունը, հաղորդում է իրանական PressTV.ir լրատվակայքը :
Բրիգադի գեներալ Ալի Մեհրաբին հայտարարել է, որ զորավարժությունը անց է կացվել 70 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Դոխտար Բորջի գոտում, որտեղ օգտագործվել են իրանական տանկերը և անօդաչու թռչող սարքերը:
Ցամաքային ուժերի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Փուրդաստանը հայտարարել է, որ զորավարժության ժամանակ հաջողությամբ փորձարկվել են 3կմ հեռահարություն ունեցող դիպուկահար հրացան և տեղական արտադրության ժամանակակից զինամթերք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրանի բանակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համատեղ անց է կացրել յոթօրյա «Վելայաթի երկնքի պաշտպաններ 4» անունով լայնամասշտաբ զորավարժություն: Իրանի նավատորմն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 21 – հունվարի 20 անցկացնել «Վելայաթ 91» ռազմածովային զորավարժությունը: