ԱՄՆ-ում ցուցադրել են աշխարհի հսկա բեռնատար ինքնաթիռներից մեկը

Ամերիկյան Stratolaunch ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռը, որը նախատեսվում է օգտագործել ինչպես ռազմական նպատակներով, այնպես էլ՝ վերնոլորտից (ստրոտոսֆերա) դեպի բաց տիեզերք հրթիռ-կրիչներ արձակելու համար: Ինքնաթիռը դեռևս պետք է անցնի տարբեր փորձարկումների փուլեր: Ամերիկյան ընկերությունը հայտարարությունը մայիսի 31-ին տեղադրել է իր կայքում:

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռ

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռ

Ինքնաթիռը իր կայանատեղիից դուրս է բերվել հենց նույն օրը՝ մայիսի 31-ին: Սակայն դեռևս վաղ է խոսել ինքնաթիռի շահագործման մասին, քանի որ այն պետք է անցնի ցամաքային և թռիչքային փորձարկումներ, որոնք երբեմն նույնիսկ տարիներ են տևում: Նախնական տվյալներով այն նախատեսվում է առաջին անգամ օդ բարձրացնել 2019 թ.:

Ինքնաթիռը բաղկացած է երկու նույնական կմախքներից (ֆյուզելյաժ): Թևերի 117 մետր բացվածքով և մարմնի 73 մ երկարությամբ Stratolaunch Model 351-ը աշխարհում խոշորագույնն է դառնում: Ինքնաթիռի թռիչքային զանգվածը շուրջ 590 տոննա է (589,6): Ինքնաթիռի արտաքին օգտակար բեռնատարողությունը 226 տոննա է: Սակայն այն նախատեսվում է հասցնել մինչև 250 տոննայի:

Stratolaunch-ը նախատեսված է նաև հրթիռ-կրիչներ տեղափոխելու համար, որոնք պետք է կախվեն երկու կմախքների միջնահատվածից: 2016 թ. հունիսին ամերիկյան ընկերությունը հայտնել էր, որ ինքնաթիռով նախատեսվում է տեղափոխել Orbital ATK Pegasus XL թեթև հրթիռ-կրիչներ՝ 3 միավոր:

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռի եռաչափ պատկերը. Ինքանթիռը արձակում է հրթիռ-կրիչներ

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռի եռաչափ պատկերը. ինքնաթիռը արձակում է հրթիռ-կրիչներ

Յուրաքանչյուր հրթիռ-կրիչը կշռում է շուրջ 23 տոննա և երկրի հիմնական ուղեծիր (երկրի մակերևույթից 160-2000 կմ հեռավորություն) դուրս բերել մինչև 443 կգ զանգվածով արհեստական արբանյակ: 1990 թ. այս թեթև հրթիռ կրիչը շուրջ 12 կմ բարձրությունից հիմնական ուղեծիր արձակվել է Stargazer L-1011 բեռնատար ինքնաթիռից: Ավելացնենք, որ սկզբնական շրջանում Stratolaunch ինքնաթիռը նախատեսվում էր կիրառել Falcon 9 ծանր հրթիռ-կրիչ արձակելու համար, որի միայն օգտակար բեռնատարողությունը կարող է կազմել մինչև 22 տոննա:

Այսպիսով, ինքնաթիռը նախատեսվում է կիրառել նաև «օդային մեկնարկ» արձակման եղանակով հրթիռ-կրիչներ բաց թողնելու համար: Այս եղանակով ինքնաթիռներից թեթև հրթիռ-կրիչներ արձակվում են դեռևս 160-ական թթ.:

Ներկայում շահագործվող խոշորագույն ինքնաթիռը արտադրվել է ԽՍՀՄ-ում և առաջին անգամ օդ բարձրացվել 1988 թ.: Ան-225 «Մրիյա» ինքնաթիռի երկարությունը ավելի մեծ է՝ 84 մ: Խորհրդային ինքնաթիռը ամերիկյանին գերազանցում է նաև առավելագույն թռիչքային զանգվածով՝ 640 տոննա: Խորհրդային ինքնաթիռը ամերիկյանին զիջում է միայն թևերի բացվածքով՝ համապատասխանաբար 88,4 և 117 մ:

Խորհրդային ինքնաթիռը ունի նաև ավելի մեծ օգտակար բեռնատարողություն՝ մինչև 250 տոննա, իսկ ամերիկյանը դեռևս այդ ցուցանիշին չի հասել: Ավելացնենք, որ 1988 թ. արտադրվել է ընդամենը մեկ օրինակ Ան-225, որը դադարեցրել են շահագործել 1994 թ.: ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն ուկրաինական «Անտոնով» ընկերությունը ինքնաթիռը վերականգնել և կրկին շահագործում է 2001 թվականից:

2009 թ. «Մրիան» սահմանել է ռեկորդ՝ տեղափոխելով 253 տոննա բեռ: Սակայն այս ինքնաթիռը օգտագործվում է միայն կոմերցիոն նպատակներով: ԽՍՀՄ նախագծած տարբերակով նախատեսվում էր ինքնաթիռն օգտագործել նաև որպես հրթիռային կրիչ, սակայն այդ նպատակով ինքնաթիռը չի օգտագործվել:

Ներկայում առավել լայնորեն կիրառվող, սակայն անհամեմատ ավելի ցածր տեխնիկական տվյալներով խոշոր բեռնատար ինքնաթիռը Ան-124 «Ռուսլանն է» (բեռնատարողությունը՝ 120 տոննա, թևերի բացվածքը՝ 73,3 մ, երկարությունը՝ 69,1 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 392 տոննա): Ամերիկյան խոշորագույն բեռնատար ինքնաթիռը մինչ այս եղել է 1947 թ. արտադրված Hughes H-4 Hercules-ը:

Ամենաերկար թևերի բացվածքն ունեցող 5 խոշորագույն ինքնաթիռների համեմատություն

Ամենաերկար թևերի բացվածքն ունեցող 5 խոշորագույն ինքնաթիռների համեմատություն

Խորհրդային/ուկրաինական արտադրության Ան-225 «Մրիա» բեռնատար ինքնաթիռ

Խորհրդային/ուկրաինական արտադրության Ան-225 «Մրիա» բեռնատար ինքնաթիռ

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռի եռաչափ պատկերը. Ինքանթիռը տեղափոխում է հրթիռ-կրիչներ

Ամերիկյան արտադրության Stratolaunch Model 351 բեռնատար ինքնաթիռի եռաչափ պատկերը. Ինքանթիռը տեղափոխում է հրթիռ-կրիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *