ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի և Նիդեռլանդների գլխավորությամբ դեմ են 2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելուն։ Այս մասին մայիսի 31-ին տեղեկացնում է գերմանական Die Welt թերթի պաշտոնական կայքը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ամրապնդել Թուրքիայի միջազգային դիրքերը և տպավորություն ստեղծել, թե աջակցում է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությանը։
Եվրամիության անդամ 18 երկիր, ինչպես նաև Կանադան կողմ են, որ գագաթնաժողովը անցկացվի Բրյուսելում։ Հարցի առնչությամբ վերջնական որոշում կկայացվի հունիսին՝ ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովը Թուրքիայում անցակացնելու առաջարկը արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի 2016թ. գագաթնաժողովի ժամանակ։
Նշենք, որ վերջին շրջանում բավականին լարվել են Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները։ 2017-ի մայիսին Գերմանիան նախնական քաղաքական ապաստան տրամադրեց Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:
Գերմանիայի այս քայլից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին: Այժմ Գերմանիան քննարկում է իր ստորաբաժանումը Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հարցը։
Իր հերթին Թուրքիան հայտարարում է, որ Գերմանիան չի կարող Թուրքիային սպառնալ «Ինջիրլիքի» ռազմաբազայից զորքերի դուրսբերումով և եթե ցանկանում է դուրս բերել զորքերը, ապա Թուրքիան չի համառի։
Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուօղլուի՝ գերմանացի պատգամավորների այցը բազա հնարավոր չէ, սակայն Թուրքիան ապագայում կարող է հարցը վերանայել, եթե «Գերմանիան դրական քայլեր ձեռնարկի»։
Թուրքիայում գերմանական ստորաբաժանումը թողնելու կամ այնտեղից տեղափոխելու հարցը վերջնականորեն պարզ կլինի հունիսի կեսերին: