ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում որոշվել է հինգ տարով երկարաձգել «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:
Որոշման նախագծում նշված է, որ «Էլեկտրոն» ԲԲԸ-ն 2012 թվականից մինչ այսօր կատարել է ռազմամթերքի արտադրության շուրջ 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
- 2012թ. —379.690,5 հազ.դրամ,
- 2013թ. — 355.602,5 հազ.դրամ,
- 2014թ. — 525.955,5 հազ.դրամ,
- 2015թ. — 1.305.809,0 հազ.դրամ,
- 2016թ. — 1.521.140,0 հազ.դրամ:
Ըստ այդմ՝ հաշվի առնելով դա՝ կառավարությունը նպատակահարմար է համարել երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Էլեկտրոն» ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումով հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:
Նշենք, որ «Էլեկտրոն» ընկերությունը համագործակցում է ՀՀ ՊՆ-ի հետ, նախագծում և արտադրում է նաև նռնակներ և ականներ: Զենքի արտադրության համար ընկերությունն իր առաջին արտոնագիրը ստացել է 2004 թվականին: