Մայիսի 17-ին ՊԲ ևս երկու զինծառայողի ընտանիք ստացել են զինծառայողների ապահովագրման հիմնադրամով նախատեսված հատկացումները՝ միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական գումար: Այս մասին նշված է հիմնադրամի կայքում:
Զինծառայողներից մեկը պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանն է, ում ընտանիքը 20 տարվա ընթացքում ամսական կստանա 200 հազար դրամ, մյուս զինծառայողը ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյան է, ում ընտանիքին 20 տարվա ընթացքում կփոխանցվի ամսական 300 հազար ՀՀ դրամ:
Հիմնադրամը նախատեսում է գումարներ վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Վճարները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված դեպքերի վրա:
Երկու զինծառայողներն էլ զոհվել են հակառակորդի կրակոցից Արցախի հայկական սահմանը պաշտպանելիս: ՊԲ զինծառայող Նարեկ Հմայակի Հարությունյանը (1997 թ.) զոհվել է ապրիլի 24-ին: ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Գևորգի Հովհաննիսյանը (1993թ.) զոհվել է մարտի 31-ին:
Մինչ այս հիմնադրամը վճարներ է հատկացրել ընդհանուր առմամբ 9 զոհված զինծառայողի ընտանիքի: Առաջին վճարները կատարվել են մարտի 21-ին: