Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) կարող է մոտ ժամանակներս հանդես գալ Աֆղանստանում ամերիկյան ստորաբաժանման զինծառայողների քանակն ավելացնելու առաջարկով: Խոսքը շուրջ 3-ից 5 հազար նոր զինծառայողի մասին է: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը:
Նոր զինծառայողները ևս պետք է ներգրավվեն Աֆղանստանի զինված ուժերի և ոստիկանության մարզումներում, տրամադրեն խորհրդատվական տեղեկություններ: Որպես պատճառ նշվում է, որ ներկայում աֆղանական բանակը ոչ այնքան հաջող է գործում «Թալիբանի» գրոհայինների դեմ:
Ներկայում Աֆղանստանում կա ԱՄՆ բանակի շուրջ 8400 զինծառայող: Բացի այդ, նույն գործողությանը ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների շուրջ 4-5 հազար զինծառայող, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈւ 126-131 զինծառայող:
Ավելացնենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։ Նախորդ առաքելության շրջանակներում Միացյալ Նահանգներն Աֆղանստանում ուներ մի քանի անգամ ավելի մեծ թվով ստորաբաժանում: Սակայն, ի տարբերություն «Վճռական աջակցության», ISAF-ը մարտական առաքելություն էր: