Մայիսի 1-ին Սիրիայում տեղակայված և այդ երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը վերահսկող քրդական ուժերը սկսել են պաշտպանական ամրություններ, խրամատներ փորել Թուրքիային սահմանակցող շրջաններում: Նույն ժամանակահատվածում նմանատիպ ամրություններ սկսել էր փորել նաև թուրքական կողմը: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Քրդական կողմից խրամատների, ամրությունների ստեղծման աշխատանքները ղեկավարում են «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերը» (YPG): Այս կառույցը Թուրքիայում համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև» և «ահաբեկչական»:
Քրդական կողմը ինժեներական աշխատանքերը կատարում է Թուրքիայի Աքչաքալե գավառին սահմանկից Թալ Աբյադ քաղաքի մոտակայքում: Նույն մասում, սակայն արդեն թուրքական կողմից, Թուրքիայի իշխանություններն են նախաձեռնել պաշտպանական ամրությունների կառուցում:
Վերջին շրջանում այդ հատվածում թուրք-քրդական բախումները, փոխհրաձգությունները հաճախակիացել են: Թուրքիան բազմիցս հրետակոծել, ռմբակոծել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող գոտին: Սակայն Թուրքիայի գործողությունները հանդիպել են Ռուսաստանի և մասնավորապես՝ Միացյալ Նահանգների խիստ քննադատությանը: Սիրիայում տեղակայված քրդական հիմնական կառույցը ներկայում դաշնակցում է ԱՄՆ հետ:
Այս իրադարձությունների ֆոնին՝ ապրիլի 24-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հայտնել էր, որ թուրքական զինուժը պատրաստվում է նոր գործողություններ սկսել Սիրիայում՝ այս անգամ արդեն հենց քրդերի դեմ՝ Թալ-Աբյադ քաղաքի ուղղությամբ: Սակայն սա դեռևս պաշտոնական հաստատում չի գտել, ինչպես նաև, ինչպես արդեն նշեցինք, քրդերի դեմ ցանկացած գործողություն հանդիպում է Միացյալ Նահանգների լուրջ դիմադրությանը: