Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավային Շանլըուրֆա գավառի Աքչաքալե գավառում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին, զրահատեխնիկայի տեղակայման համար դիրքեր են կառուցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Դիրքերը մասնավորապես ստեղծվում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման վերահսկած Թալ-Աբյադ քաղաքի անմիջապես դիմացի հատվածում գտնվող թուրքական թաղամասերում:
Ըստ թուրքական կողմի՝ ինժեներական աշխատանքներն արվում է սահմանին «քրդերի հարձակումները կանխելու համար»
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հայտնել է, որ Սիրիայում Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունից հետո այդ երկրի զինուժը պատրաստվում է նոր գործողություններ իրականացնել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող Թալ-Աբյադ քաղաքի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Թուրքիայի զինուժը հրետակոծում է Սիրիայում՝ մասնավորապես Թալ-Աբյադում, քրդերի դիրքերը:
Բացի այդ, նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս քաղաքում տեղակայված ստորաբաժանումներից զինտեխնիկա է տեղափոխել անմիջապես թուրք-սիրիական սահման Սիրիայի քրդական YPG խմբավորման մարտիկների դեմ պայքարելու համար:
Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի քրդական կառույցները բնորոշում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորումներ և մշտապես հայտարարում է, որ այդ կառույցները անմիջական վտանգ են սպառնում Թուրքիայի անվտանգությանը: