Ապրիլի 26-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն) բացահայտել է 2016 թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո «ահաբեկչական կազմակերպության» անդամակցելու մեղադրանքով հեռացված ոստիկանների քանակը: Վերջիններիս թիվը գերազանցում է 9 հազարը: Հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ոստիկանության կայքում:
9103 ոստիկան հեռացվել է համաձայն 2016 թ. հուլիսի 23-ին Թուրքիայի նախարարների խորհրդի ընդունած թիվ 667 «օրենքի ուժ ունեցող կարգադրության»:
Հեռացված ոստիկանները մեղադրվում են «գյուլենական ահաբեկչական կառույցին» անդամակցելու, ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու համար:
Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջ են տանում այն թեզը, որ հեղաշրջման փորձը կազմակերպել էին ոչ թե հենց զինվորականները, այլ՝ ԱՄՆ-ում ապրող թուրք քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենը: Ըստ այդմ՝ բոլոր ոստիկանները, ինչպես նաև զինվորականները և այլ պաշտոնյաներ, պետական ծառայողներ հեռացվում են հենց «Գյուլենի և նրա կողմից ղեկավարվող ահաբեկչական կազմակերպության հետ կապու ունենալու» մեղադրանքով:
Ավելացնենք, որ համաձայան 2016 թ. նոյեմբերին թուրքական կողմի տրամադրած պաշտոնական տվյալների՝ այդ պահի դրությամբ զինված ուժերից հեռացվել էր ավելի քան 20 հազար զինծառայող: Սակայն հետագայում ևս զինծառայողներ ու ԶՈւ քաղաքացիական այլ ծառայողներ հեռացվել են: