ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է 7 երկրների իր պաշտոնակիցներին

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-18-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիբանանի պաշտոնակիցների և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներից մեկը Մյունխենի համաժողովի շրջանակներում

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներից մեկը Մյունխենի համաժողովի շրջանակներում

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ hանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների խորացման մեծ ռեսուրս կա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձևաչափերում։

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերևիչի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են ժամանակակից գլոբալ մարտահրավերները՝ շեշտելով, որ դրանց արդյունավետ դիմակայելու համար ջանքերի համադրում է անհրաժեշտ։ Որպես համագործակցության լավագույն օրինակ նշվել է հայ-լեհական փոխգործակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հետ հանդիպմանը քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ չնայած Հայաստանն ու Չեխիան տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ փոխգործակցության խորացման համար, առավել ևս, որ ողջ աշխարհին սպառնացող ժամանակակից մարտահրավերները պարտադրում են ակտիվ համագործակցություն ծավալել պաշտպանական ոլորտում։

Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարաֆի հետ հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում, որը չեզոքացնելու համար պետությունների սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Վիգեն Սարգսյանն ու Յաքուբ Սարաֆը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ջանքերը պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Համաժողովի շրջանակում Վիգեն Սարգսյանը աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

Մյունխենում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ, քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *