Հնդկաստանը բանակցում է Ս-400 ԶՀՀ-ներ ձեռքբերելու պայմանագրի շուրջ

Ռուսաստանի հետ Հնդկաստանի՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման պայմանագրի կնքման շուրջ այս պահին բանակցություններ են տարվում, նախնական հաշվարկներով այն կկնքվի մինչև 2017 թվականի ավարտը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը։

Դրոժովը նաև ասել է, որ մատակարարվելիք ԶՀՀ-երի թվաքանակի մասին խոսելն այս պահին շուտ է:

Համալիրների գնման մտադրության մասին Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էր դեռևս 2015 թվականի դեկտեմբերին: Երկրի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով 400 մլրդ ռուփի (մոտ 6 մլրդ ամերիկյան դոլար): Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-երի ձեռքբերման միջպետական համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի օգոստոսին:

Նշենք, որ այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի երկրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից հետո, որն այս համակարգերից պատվիրել է 2014-ի աշնանը և ստանալու է դրանք 2017 թվականից սկսած:

ՀՕՊ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

One response to “Հնդկաստանը բանակցում է Ս-400 ԶՀՀ-ներ ձեռքբերելու պայմանագրի շուրջ

  1. Pingback: Հնդկաստանը նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել 5 միավոր Ս-400 համալիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *