Վիգեն Սարգսյանն այցելել է իրանական ընկերություններ

Այսօր՝ հունվարի 31-ին, Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։

Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաև գիտական հարթությունում։

Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Թեհրանում

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Թեհրանում

Մինչ այդ, ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել են Իրանի ՊՆ-ում:

ՀՀ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը և շնորհավորել հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։

Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *