Տաջիկստանում շարունակվում է հակաահաբեկչական զորավարժությունների շարքը

Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժության ընթացքում ազատել են են պայմանական ահաբեկիչների գրաված ռազմական օբյեկտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Զորավարժության սցենարով հակաահաբեկչական ստորաբաժանումները ստացել են ահազանգ, հասել են պայմանական ահաբեկիչների զավթած կառույց: Այնուհետև զրահատեխնիկայի օգնությամբ զինծառայողները արգելափակել և ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին, մշակել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքներ:

Նշենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ՝ «Իսլամական պետության» զինյալները: Այս պատճառով Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններն անցկացվում են պարբերաբար:

Այս տարի Տաջիկստանում անցկացված երկրորդ հակաահաբեկչական զորավարժությունն է: Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ 201-րդ ռազմաբազայի հրետանավորները ևս մեկ հակաահաբեկչական զորավարժության ընթացքում պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելուց, նրանց կոորդինատները և շարժման արագությունը ճշտելուց հետո  2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով ոչնչացրել էին նրանց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *