Ռուսաստանում Տ-72 / Տ-90 տանկերի ակտիվ պաշտպանության համակարգ է փորձարկվում

«Արենա-Մ» ակտիվ պաշտպանության համակարգը, որ նախատեսված է ռուսաստանյան արտադրության Տ-72 և Տ-90 տանկերի վրա տեղադրվելու համար, արդեն փորձարկումներ է անցնում Ռուսաստանում: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հունվարի 19-ին հայտնել է համակարգը նախագծող ընկերության գլխավոր կոնստրուկտոր Վալերի Կաշինը:

Համակարգի նպատակն է հայտնաբերել տանկի ուղղությամբ թռչող հրթիռներն ու արկերը, արձակել «հակահրթիռ» և դրա պայթյունով ոչնչացնել հակառակորդի հրթիռը:

Համակարգի այս տարբերակը նախկինում պատրաստված «Արենա» համակարգի արդիականացված-փոփոխված տարբերակն է: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ արդիականացումը կատարվել է տանկերն արտադրող ընկերության պատվերով:

Նրա խոսքով՝ մերձավորարևելյան հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ տանկի պաշտպանության այլ միջոցները, այդ թվում՝ դինամիկ պաշտպանությունը, անարդյունավետ են, և տանկերի վրա պետք է տեղադրել հենց ակտիվ պաշտպանության համակարգեր:

Մինչ Ռուսաստանում փորձարկում են ակտիվ պաշտպանության իրենց նոր համակարգը, Իսրայելում նմանատիպ «Թրոֆի» համակարգն արդեն անցել է զորային փորձարկումներ ու տեղադրված է Իսրայելի զինված ուժերի տանկերի մի մասի վրա: Ավելին, 2014թ. ամռանն այդ համակարգը «մարտական մկրտություն» է ստացել պաղեստինցիների դեմ մարտերում:

Իսրայելական Trophy ակտիվ պաշտպանության համակարգը՝ Մերկավա-4 տանկի վրա

Իսրայելական Trophy ակտիվ պաշտպանության համակարգը՝ Մերկավա-4 տանկի վրա

Իսրայելից բացի, սեփական զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգեր ստեղծելու մտադրությունների մասին հայտարարել են նաև Իրանը, Թուրքիան և Հնդկաստանը: ԱՄՆ-ում նույնպես քննարկվում է տանկերն ու այլ զրահատեխնիկան նման համակարգերով պաշտպանելու տարբերակը:

Մյուս կողմից, ակտիվ պաշտպանության համակարգերի կիրառման դեպքում հակատանկային հրթիռի ու «հակահրթիռի» պայթյունից առաջացող հարվածային ալիքն ու բեկորները կարող են խոցել հենց սեփական հետևակային զինծառայողներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *