Մովսես Հակոբյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության քննարկմանը

Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքը:

Թարմացում. Նիստերից հետո ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ զինուժի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում:

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Բրյուսելում

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Բրյուսելում

Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի նիստը դեռ շարունակվելու է:

Նիստին մասնակցել են նաև Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և այլն:

«Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված է եղել Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը և պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

2016 թ. դեկտեմբերին հայկական կողմը հայտնել էր, որ 2017 թ. ևս շարունակելու է մասնակցել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *