[Լրացում] Դեկտեմբերի 8-ին մահացել է ՊԲ զինծառայող

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 02.45-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է շուրջ 40 անգամ: Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:

Դեկտեմբերի 8-ին՝ ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։

N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ՝ շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներում) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն) և ուղարկվել  Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։

Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող  ավագ հրաձիգ,  ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Գառնիկ Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

One response to “[Լրացում] Դեկտեմբերի 8-ին մահացել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *